ՄԵԾ ՀԱՅԸ. ԼԵՎՈՆ ԳՈՒՐԳԵՆԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

18.10

2018

Levon

«Մենք չունենք նավթ, գազ, չի եղել ու երբեք էլ չի լինի. փոխարենը մենք ունենք ուղեղներ և Սփյուռք: Եվ եթե Սփյուռքի ողջ ներուժը ներդնենք, դա մեծ խթան կլինի Հայաստանի զարգացմանը». Լևոն Հայրապետյան:

Մեծ բարերար Լևոն Հայրապետյանի մահը ցնցել էր հայությանը: 2017 թ. հոկտեմբերի 18-ին էր: Թեպետ արդեն քանի տարի հիվանդ վիճակում Ռուսաստանի ամենասարսափելի բանտերից մեկում էր գտնվում, դժվար էր պատկերացնելը, որ նրա հետ վատթարը կկատարվի, քանզի շատերը հավատում էին հրաշք հեքիաթներ ստեղծող մարդու հեքիաթային վերջաբանին` բարու, արդարության հաղթանակին: Սպասում էին նրան Արցախում՝ հայրենի Վանք գյուղում, պիտի գար և ստեղծեր իր հրաշքն Արցախում: Սակայն չեկավ… մնաց հոր և մոր շիրիմների մոտ` ընդմիշտ իր սիրտն ու հոգին թողնելով Արցախում:

Ցավոք, ծառի մեծությունը կտրելուց հետո է երևում

Լևոն Հայրապետյանը, հիրավի, ազգային մեծություն էր, և նրա մահը մեծ կորուստ էր մեզ համար, հատկապես` արցախցիներիս համար: Մեծ անհատները ազգին ծառայում են ոչ միայն կենդանության օրոք:

Երբ գալիս էր Արցախ, գիտեինք, որ ևս մի հետաքրքիր, ինքնատիպ բան է սպասվում մեզ: Նրա գլխավոր նպատակը հայրենիքին, ազգին օգնելն էր: «Ամոթ է աղքատ լինելը, բայց առավել ամոթ է, երբ հարուստ ես աղքատների մեջ». այս սկզբունքով էր առաջնորդվում նա և փորձում էր իր օրինակով վարակել շատերին:

Մարդ, ով արժանապատվորեն ստեղծել և արարել է ամեն ինչ իր հայրենի Վանք գյուղի համար: Այս մեծանուն հայը ցավոք չկա, բայց նրա անունն ու գործը հավերժ կլինի: Նա մեզ հետ է, մեր մտքում և սրտում, ամեն օր և ամենուր:

Լևոն Գուրգենի Հայրապետյան: «Սոբեսեդնիկ» հրատարակչական տան տնօրենների խորհրդի նախագահ, ռուսաստանյան մի շարք էներգետիկ ընկերությունների բաժնետեր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, հայտնի բարերար, Շուշիի վերականգնման ծրագրի գլխավոր հովանավորներից մեկը:

Ղարաբաղցի հոր և Նախիջևանցի մոր զավակ` ծնված 1949թ. Վանք գյուղում: Հոր կողմից իշխանական` Հասան Ջալալյանների տոհմից էր, մոր կողմից` մեծ հայրենասեր Նժդեհի: Տատը Նժդեհի մեծ քույրն էր: Այդ մասին Լևոնն իմացել է տարիներ հետո, քանզի խորհրդային ժամանակներում արգելված էր Նժդեհի անունը տալ, և Լևոնից թաքցրել էին դա:

Անշուշտ, արմատը պարտադրում է: Ամերիկայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում ապրող Լևոն Հայրապետյանը իրեն համարում էր ղարաբաղցի, քանզի արմատը Վանք գյուղում է:

Երբ երկու ամսական էր, ընտանիքը դուրս եկավ գյուղից: Տաղանդավոր քիմիկոսն ընտանիքով տեղափոխվեց Ռուսաստան` Վլադիկավկազ, որտեղ Նժդեհի ընտանիքն էր: Նա սկսեց աշխատել քիմիական գործարանում ու ստեղծեց հատուկ մետաղ` պոբեդիտ` շատ կարծր մետաղական համաձուլվածք, ինչի համար ստացավ պետական մրցանակ: 1957թ. Երբ Լևոնը առաջին դասարանն էր ավարտել, Վիկտոր Համբարձումյանը հրավիրեց Երևան, և ընտանիքը տեղափոխվեց այստեղ: Լևոնը գնաց փիլիսոփայության ճանապարհով,երկու տարի Երևանի պետական համալսարանաի իրավաբանական ֆակուլտետում սովորելուց հետո մեկնեց Մոսկվա և ընդունվեց ՄՊՀ փիլիսոփայության ֆակուլտետը: Ավարտելուց հետո ընդունվեց ասպիրանտուրա, պաշտպանեց գիտական թեզ: Այն տարիներին երկրում սկսվել էր շարժում` շինջոկատներով գնալ Սիբիր` ԲԱՏ-ում աշխատելու: 11տարի անդրբևեռում աշխատելուց հետո կնոջ և երկու դուստրերի հետ կրկին վերադարձավ Մոսկվա:

Նրան հրավիրեցին աշխատելու «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում: Այնուհետև աշխատանքի անցավ այդ տարիների ամենահայտնի «Օգոնյոկ» հանդեսում: Մի քանի տարի աշխատելուց հետո Լևոնն աշխատանքի ընդունվեց «Սոբեսեդնիկ»-ում:

Ամեն ինչ ստեղծել էր Մոսկվայում, ուներ լավ ընտանիք, ապահով կյանք, աշխատանք, բայց գալիս է պայքարի նոր ժամանակաշրջան: Հայրենի Արցախում սկսվել էր պայքար` հանում պատմական արդարության վերականգնման : Լևոնը կանխազգում էր, որ դա կվերաճի պատերազմի, իսկ մենք զենք չունենք: Հետաքրքրվեց, թե որ բիզնեսն է մեծ եկամուտ բերում, չնայած նրան բիզնեսը չէր հետաքրքրում, այլ որպեսզի մեծ գումար ունենա` զենք ձեռք բերելու համար: Եվ լինելով գլխավոր խմբագիր` մտավ էներգետիկայի` նավթի ու գազի բնագավառ, որ կարողանա օգնել մարտնչող Արցախին: Իսկ մեդիադաշտն օգտագործեց որպես ազդեցության մեծ գործիք:

Լևոնը նվիրվեց Արցախի ազատագրման ու շենացման գործին: 1992թ. սկսեց Գանձասարի վերանորոգման աշխատանքները:

Լևոն Հայրապետյանը մեծ ներդրում ունի մեր պետականության կայացման, սահմանների պաշտպանության, բանակաշինության, տնտեսության զարգացման, երիտասարդների հայրենասիրական դաստիարակության, ժողովրդագրական աճի գործում:

Իր հայրենի Վանքում նա փայտամշակման գործարան հիմնեց , ամեն ինչ ստեղծեց, որ գյուղում ապրելը հաճելի լինի: Կառուցեց նաև ժամանակակից դպրոց, հիվանդանոց, հիանալի մանկապարտեզ: Ստեղծեց կենդանաբանական այգի, բացեց հանգստյան տուն և հյուրանոցային համալիրՆրա նյութական աջակցությամբ Վանքում համաշխարհային աստղերը համերգներ էին տալիս:

Ասում էր` ամենամեծ զենքը ժողովրդի քանակն է: Երեխաներ շատ պետք է ծնվեն, մարդկանցով լցվի մեր փոքրիկ երկիրը. «Մենք վտանգի մեջ ենք: Մեզ կարող են կուլ տալ մեր հարևանները»: Դրա համար կազմակերպեց արցախյան մեծ հարսանիքը` 700 զույգի ընդգրկումով, որոնց մի մասը օրհնություն ստացավ Գանձասարում, մի մասն էլ` Շուշիի սուրբ Ղազանչեցոց եկեղեցում, որից հետո հարսանյաց տոնը շարունակվեց Ստեփանակերտի մարզադաշտում, որը նախապես հիմնանորոգվել էր նրա միջոցներով:

Ինչպես և կանխատեսվում էր, վեց տարի անց առաջին դասարանցիների աճ է արձանագրվել:

Արցախի կառավարության հետ համատեղ ժողովրդագրական աճի ծրագիր է մշակել: Ռուսաստանցի մի շարք հայ գործարարների հետ միասին պարտավորվել էր աջակցել նորաստեղծ ընտանիքներին` նրանց կենսական պայմանների ապահովման հարցում:

Առանձին ծրագիր էր մշակել հայրենադարձությունը, փախստականների վերաբնակեցումը խթանելու համար:

«Ես սկզբունքներ ունեմ, որոնք չեմ կարող փոխել: Ես հայրենիքում փող չեմ աշխատում , աշխատատեղ եմ ստեղծում, եկամուտը նորից տեղում ներդնում»:

Լևոն Հայրապետյանի ջանքերով Արցախում ռազմական ուսումնարան էր կառուցվում, որը պետք է ղեկավարեր Արցախի հերոս, «Ոսկի արծիվ» շքանշանակիր Արկադի Տեր Թադևոսյանը: Հիմա այդ ծրագիրը կիսատ է մնացել: Լևոն Հայրապետյանի վերջին ցանկությունն էր:

«Գործն է անմահ, լավ իմացեք…».ճշմարիտ է Ամենայն հայոց բանաստեղծը: Գալիք սերունդներն անպայման կիմանան ու կգնահատեն այդ մեծատառով մարդու կատարած գործերը: Կգնահատեն ու անպայման կբազմապատկեն դրանք, քանզի լավ գործը նաև օրինակ ու դաս է հետագա սերունդների համար: Լևոն Հայրապետյանը` զտարյուն մանկավարժի որդին, երբևէ իրեն մանկավարժ չի համարել, բայց նրա ապրած կյանքը մի ամբողջ դասագիրք է երեկվա, այսօրվա և վաղվա համար:

Անի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Զբոսաշրջ. 2րդ կուրս

Обновлено 18.10.2018 11:53