Արցախի պետական համալսարան

IMG 5150  IMG 5129

hanrakacaran   IMG 5133

Հոկտեմբերի 18-ին ԱրՊՀ ղեկավարությունը հանդիպում  է ունեցել հանրակացարանաբնակ մի խումբ ուսանողների հետ, որի ընթացքում քննարկվել են ուսանողներին հուզող մի շարք խնդիրներ:

Հանդիպմանը ներկա էին ռեկտոր Արմեն Սարգսյանը, ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը, վարչական աշխատանքների գծով պրոռեկտոր Կ. Առուշանյանը, լիազոր ստորաբաժանումների աշխատակիցներ, ՈՒԽ կազմը:

Ուսանողները հնչեցրել են հանրակացարանում առկա մի շարք խնդիրներ, որոնք հիմնականում վերաբերում են շենքի հին հատվածի վերանորոգմանը, կենցաղի կազմակերպման և սպասարկման հետ կապված մի շարք աշխատանքների: Անդրադառնալով նախորդ հանդիպումների ժամանակ բարձրաձայնած խնդիրներին` ուսանողները գոհունակությամբ են նշել, որ դրանց մեծ մասը լուծվել է, այդ թվում նաև` հանրակացարանը համացանցով ապահովելու խնդիրը:

«Հանրակացարանաբնակ ուսանողների խնդիրները մշտապես գտնվում են համալսարանի ղեկավարության ուշադրության կենտրոնում: Մենք ամեն ինչ անելու ենք` ուսանողներին հուզող խնդիրներին լուծում տալու համար: Հորդորում եմ` վերցնել հանրակացարանում բնակվելու մասին ԱրՊՀ կանոնակարգը, նորից ծանոթանալ և հետևել կարգապահության կանոններին»,-ասել է ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանը:

Վարչական աշխատանքների գծով պրոռեկտոր Կ. Առուշանյանը, պատասխանելով ուսանողներին հուզող հարցերին, ընդգծել է, որ շենքի հին հատվածի վերանորոգման համար ներկա դրությամբ բավարար միջոցներ չկան, բայց  ձմռանն ընդառաջ վերանորոգչական որոշակի աշխատանքներ ձեռնարկվելու են` հին հատվածում բնակվող ուսանողների կեցության պայմանները բարելավելու նպատակով:

Ռեկտոր Արմեն Սարգսյանը, ողջունելով նման բաց և անմիջական քննարկումները, նշել է, որ համապատասխան միջոցներ կհատկացվեն` հանրակացարանաբնակ ուսանողների կենցաղը պատշաճ կազմակերպելու նպատակով:

«Ձեզ բախտ է վիճակվել դժվար ժամանակահատվածում բնակվել հանրակացարանում: Գլխավոր մասնաշենքի հիմնանորոգման հետ կապված հանրակացարանի մի հատվածում կահավորվել են լսարաններ, ամբիոններ, կաբինետներ` դասագործընթաց կազմակերպելու նպատակով: Բայց այն, ինչ արվում է համալսարանի համար, արվում է յուրաքանչյուրիս համար: Դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում»,-ասել է ռեկտորը և հավաստիացրել, որ առկա խնդիրները քայլ առ քայլ իրենց լուծումները կգտնեն: