Արցախի պետական համալսարան

0-2-472x265  951788

Հայ մեծանուն գիտնական, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, մաթեմատիկոս Մխիթար Ջրբաշյանի 100-ամյակի կապակցությամբ հոկտեմբերի 22-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է Ջրբաշյանին նվիրված եռօրյա միջազգային գիտաժողովը, որին մասնակցում են  նաև ԱրՊՀ մաթեմատիկայի ամբիոնի դասախոսներ:

Գիտաժողովը մեկնարկեց մաթեմատիկոսի 100-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսավոր նիստով, որի ընթացքում  Մխիթար Ջրբաշյանի կյանքի և գործունեության մասին ելույթներով հանդես եկան ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, ակադեմիկոսներ, հայտնի գիտնականներ, Մ Ջրբաշյանի աշակերտներն ու գիտական ուղղության շարունակողները։

Ականավոր գիտնականի հոբելյանին նվիրված միջազգային եռօրյա գիտաժողովին մասնակցում է շուրջ 50 գիտնական Հայաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Հունաստանից և այլ երկրներից: Արցախի պետական համալսարանից միջազգային գիտաժողովին մասնակցում են  մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Լիանա Աբրահամյանը և նույն ամբիոնի  դոցենտ, ֆ.մ.գ.թ. Գուրգեն  Նալբանդյանը: Միջազգային գիտաժողովը կազմակերպել են ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտը և Հայկական մաթեմատիկական միությունը, իսկ գիտաժողովի կազմակերպական կոմիտեի նախագահն է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, մաթեմատիկոս Հանրի Ներսիսյանը։

 

Mkhitar JrbashyanՄխիթար Ջրբաշյանը ծնվել է 1918թ սեպտեմբերի 11-ին՝ Երևանում, 1915թ ցեղասպանությունից փրկված և Վանից Երևան գաղթած  Մկրտիչ Ջրբաշյանի ընտանիքում։ 1936-1941թթ սովորել է ԵՊՀ ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետում։ 1942-1945թթ. սովորել է ասպիրանտուրայում՝ դառնալով հայտնի մաթեմատիկոս Արտաշես Շահինյանի առաջին ասպիրանտը: 1945թ-ին նա պաշտպանել է իր «Անալիտիկ ֆունկցիաների ներկայացման որոշ հարցեր» թեկնածուական ատենախոսությունը, որը մաթեմատիկայի գծով առաջինն էր ԵՊՀ-ում։ Դրա արդյունքների ընդլայնման ու զարգացման շնորհիվ ընդամենը 4 տարի անց, 1949թ-ին, 31 տարեկանում Մոսկվայի պետական համալսարանում պաշտպանել է իր դոկտորական թեզը: 1953թ.-ին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, իսկ 1956թ.-ին, 38 տարեկանում՝ ակադեմիկոս։ 1943թ-ից Մ. Ջրբաշյանը դասավանդել է ԵՊՀ-ում, 1950թ.-ից եղել է ԵՊՀ պրոֆեսոր: 1945-ից նա աշխատել է նաև ՀԽՍՀ ԳԱ-ում: 1955-1971թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի ֆունկցիաների տեսության բաժնի վարիչ։ Ջրբաշյանը շուրջ 200 գիտական հոդվածների, մենագրությունների և ուսումնական ձեռնարկների հեղինակ է: Ջրբաշյանի ստացած արդյունքները ժամանակակից տեսական մաթեմատիկայի զարգացման կարևորագույն ուղղություններից են, նրա աշխատությունները միջազգային ճանաչում ունեն և աշխարհի ամենատարբեր երկրների մասնագետների կողմից հղվում ու զարգացվում են մինչ այսօր՝  իր մահից 24 տարի անց։  Մ Ջրբաշյանը մեծ ավանդ ունի Հայաստանում ձևավորված մաթեմատիկական գիտական դպրոցի կայացման ու զարգացման, ինչպես նաև այդ դպրոցի միջազգային ճանաչման գործում: Մեծ է նրա վաստակը նաև բարձրագույն կրթության կազմակերպման, բարձր որակավորում ունեցող մաթեմատիկոսների պատրաստման գործում։ Մխիթար Ջրբաշյանի կյանքն ավարտվել է 1994 թ. մայիսի 6-ին, Երևանում: