Արցախի պետական համալսարան

IMG 5632

Ընթացիկ ուսումնական տարվանից, ի թիվս կառուցվածքային այլ ստորաբաժանումների, ԱրՊՀ-ում գործում է նաև ուսումնական գործընթացի վերահսկման (ՈւԳՎ) բաժինը, որի ստեղծման նախադրյալների, խնդիրների, նպատակների և անելիքների մասին զրուցել ենք բաժնի պատասխանատու Գոհար Գասպարյանի հետ: 

- Տիկի´ն Գասպարյան, ուսումնական գործընթացի վերահսկումը համալսարանական գործունեության առանցքային անելիքներից է եղել և, ըստ էության, նորություն չէ: Սակայն ուսումնական տարեսկզբից բաժինը հանդես է գալիս ինքնուրույն ստորաբաժանման կարգավիճակով: Ինչո՞վ է պայմանավորված այսպիսի մոտեցումը:

-Վերահսկողական որոշակի պարտականություններով բաժնի` առանձին ստորաբաժանման կարգավիճակը պայմանավորված է առաջին հերթին հավատարմագրման պահանջով: Մյուս կողմից` այս կարգավիճակում առավել մասնավորեցված են առաջադրվող խնդիրներն ու պարտականությունները, որն առավելապես առնչվում է ուսումնական գործընթացի ներքին աուդիտի իրականացմանը:

- Ինչպիսի՞ գործառույթներ է ստանձնել ՈւԳՎ բաժինը և այդպիսով ի՞նչ խնդիրներ պետք է լուծի:

-Բաժնին վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացվելու են ուսումնական գործընթացի ժամանակացույցի, ուսումնական բեռնվածությունների բաշխման և կատարման, ուսանողների ուսումնական և արտադրական պրակտիկաների, նորմա­տի­վա­յին փաստաթղթերի  պահանջներին համապատասխան ուսումնական գործընթացների իրականացման, դեկանատներում և ամբիոններում գործավարության վիճակի, ուսանողների առաջադիմության ցուցանիշների հաշվարկման և գիտելիքների գնահատման բազմագործոնային համակարգի կիրառման և ուսանողների ինքնուրույն  և անհատական աշխատանքների կատարման գործընթացների, ուսումնական պարապմունքների վերահսկողական, ուսանողների ամփոփիչ ատեստավորման, միջանկյալ և ամփոփիչ քննությունների և առաջադիմության հավաքագրման, վերլուծության և այլ աշխատանքներ, որոնք կարելի դիտարկել իբրև որակի ապահովման արդյունավետ մեխանիզմներ:

- Երկամսյա կարճ գործունեության ընթացքում ինչպիսի՞ աշխատանքներ է հասցրել իրականացնել բաժինը:

-Նախորդ երկու ամիսը կարելի է բնորոշել որպես ադապտացման շրջան: Սակայն այս ընթացքում բաժնի աշխատակիցների համատեղ ջանքերով իրականացրել ենք այնպիսի աշխատանքներ, ինչպիսիք են ուսումնական բեռնվածության ստուգում, առաջին ընթացիկ ստուգումների նախապատրաստում, կազմակերպում և անցկացում, զուգահեռաբար` ամենօրյա պարբերականությամբ նաև ուսումնական պարապմունքների վերահսկում:

- Բաժնում առաջիկայում ինչպիսի՞ աշխատանքներ են նախատեսվում:

-Նախատեսվող տարաբնույթ աշխատանքներից առաջնային ենք համարում կրեդիտային ուսուցման համակարգում առաջարկվող փոփոխություններն ու դրանց արդյունքում ի հայտ եկած անելիքների արդյունավետ իրականացումը, ըստ որի որոշակիորեն փոխոխության է ենթարկվելու ուսումնական գործընթացի ստուգման փուլը: Այս փոփոխությունները կազմակերպական աշխատանքեր են ենթադրում, որոնք ներկայումս նախապատրաստական փուլում են: Կրեդիտային համակարգով առկա ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի համաձայն` ներկայումս համակարգչային թեստային ստուգումների օրերին համապատասխան խմբի ուսանողները չեն հաճախում պարապմունքների, ինչը ուսումնական օրացույցում տեղաշարժերի պատճառ է դառնում: Այս և այլ կարգի խնդիրներից խուսափելու համար առաջարկվում է կազմակերպել այնպես, որ նախատեսված օրերին հնարավոր լինի ապահովել և´ պարապմունքների, և´ ստուգումների բնականոն ընթացքը: