Արցախի պետական համալսարան

IMG 5653   IMG 5729

IMG 5697   hogevor

 Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի և ԱրՊՀ համագործակցության շրջանակում հոկտեմբերի 29-ից Արցախի մայր բուհում մեկնարկել է հոգևոր անվտանգության թեմայով դասընթաց, որը կտևի մեկ շաբաթ: Դասընթացին մասնակցում են համալսարանի բոլոր ֆակուլտետներից ուսանողներ:

Դասընթացավար Լորիս սարկավագ Անդրեասյանը, կարևորելով ծրագրի դերը երիտասարդության շրջանում հոգևոր, ազգային արժեքները սերմանելու և ամրապնդելու հարցում, նշում է, որ նման ծրագիր իրականացրել են նաև հայաստանյան բուհերում, որը տվել է գոհացուցիչ արդյունք. «Ուսանողները հետաքրքրվածությամբ են լսում սուրբգրային մեկնաբանությունները: Դասընթացի բոլոր թեմաների հիմքում ընկած են լինելու սուրբգրային պատումները: Նպատակ ունենք ավելի ակտիվացնել տեղի երիտասարդությանը հոգևոր, կրթական միջոցառումներ ձեռնարկելու ճանապարհին: Ընդհանրապես, հոգևոր թեմաներով քննարկումներ ծավալելու և Աստծո խոսքի քարոզչության, Սուրբ Գրքի մասին խոսելու կարիք կա բոլոր հաստատություններում: Դասընթացից մեր ակնկալիքն այն է, որ ուսանողը մոտենա Աստծուն, քանի որ հոգևորականի ծառայության գլխավոր առաքելությունը հոգեփրկությունն է»:

Ողջունելով նման ծրագրի իրականացումը Արցախի պետական համալսարանում` ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ.Յարամիշյանը կարևորում է արդի աշխարհաքաղաքական պայմաններում հոգևոր անվտանգության դերը ուսանողության շրջանում: «Դասընթացները ներառելու են արժեքային և ուղղորդիչ հանդիսացող, ինչպես նաև ազգային այն մոտեցումները, որոնք աստվածաշնչյան հոգևոր մեկնաբանության կարիք ունեն»,- նշում է Վ.Յարամիշյանը` հավելելով, որ ծրագրի շրջանակներում նախատեսվում է անդրադառնալ այնպիսի թեմաների, ինչպիսիք են ազատության, երջանկության, բարության քրիստոնեական ընկալումները: