Արցախի պետական համալսարան

IMG 5983   IMG 5944

IMG 5927   IMG 5957

Հոկտեմբերի 30-ին ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանն ընդունել է մի խումբ սփյուռքահայերի: Պատվիրակության կազմում էին մասնագիտությամբ բժիշկ սիրիահայեր և Գերմանիայում բնակվող բժիշկ, փիլիսոփա Սարգիս Քեհյայանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական ոլորտում հետագա համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր, այդ թվում` Սարգիս Քեհյայանի կողմից բարոյագիտության, փիլիսոփայության թեմաներով առաջիկայում ԱրՊՀ-ում դասախոսությամբ հանդես գալու և նրա` բուհական դասընթացի համար նախատեսված նորերս լույս տեսած «Բարոյագիտություն. փիլիսոփայական ակնարկ» գիրքը ուսանողությանը ներկայացնելու հետ կապված հարցեր:

Ռեկտոր Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին` Արցախ այցելելու և արցախցիներին մեթոդական աջակցություն ցուցաբերելու համար` կարևորելով Արցախ-Սփյուռք կապի ամրապնդումն ու տարբեր ոլորտներում համագործակցության խորացումը:

Իր հերթին սիրիահայ բժիշկ Մանվել Իսկանդարյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Արցախից ու Արցախի ժողովրդից ստացած իր տպավորություններն է կիսում.«Արցախի ժողովուրդը տեր է իր երկրի ամեն մի հատվածին, և ամեն մեկը պատասխանատվությամբ է վերաբերում իր աշխատանքին: Կազմակերպվածություն նկատեցի բոլոր ոլորտներում` սկսած հյուրանոցից ու ոստիկանությունից: Սփյուռքում տարիներ շարունակ զբաղված ենք հայապահպանությամբ, և ազգային ջիղը զորեղ է սփյուռքահայության մեջ: Այդ գիծը նկատեցի նաև Արցախի ժողովրդի մեջ: Հայկական ջիղը շատ զորեղ է արցախցիների մեջ: Անհնար է, որ Արցախի ժողովուրդը որևէ տարածքային զիջում անի. Ժողովրդի կամքն է սա: Որևէ իշխանության կողմից ժողովուրդը չի հանդուրժի տարածքային զիջում»:

Սարգիս Քեհյայանը, ով առաջին մասնագիտությամբ բժիշկ է, 1990-ական թթ. ՀՀ-ում և Արցախում բժշկական գործունեություն է ծավալել` ցուցաբերելով մասնագիտական օժանդակություն առողջապահության ոլորտի մասնագետներին: Այժմ նա իր երկրորդ` փիլիսոփայություն մասնագիտացմամբ պատրաստակամություն է հայտնում հաջորդիվ ծրագրով այցելել ԱրՊՀ և բարոյագիտություն թեմայով դասընթաց վարել: Նշենք, որ նա Գերմանիայի Հայոց թեմի հիմնադիր անդամներից է և ավելի քան երկու տասնամյակ վարել է թեմական խորհրդի ատենապետությունը: Դասախոսել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: 1998 թ. արժանացել է Ամենայն Հայոց Կաթողիկոսության «Ներսես Շնորհալի» շքանշանի: