Արցախի պետական համալսարան

IMG 5873  IMG 5896

IMG 5868  IMG 5861

Հոկտեմբերի 29-ին ԱրՊՀ հայ գրականության և լրագրության ամբիոնի դասախոս, բ.գ.թ. Զարինե Սառաջյանի նախաձեռնությամբ գիտական գրադարանի ընթերցասրահում տեղի է ունեցել արձակագիր Համլետ Մարտիրոսյանի (գրական անունը` Մարտիրոս Ոբն) «Մոմերն իզուր են այրվել մեղքերիս համար» վիպակի շնորհանդես-քննարկումը, որին հրավիրված էին գրքի հեղինակը, Արցախի գրական ընտանիքի անդամներ, գրականագետներ, բանասիրական ֆակուլտետի դասախոսներ, ուսանողներ, գրքասերներ:

Երիտասարդ գրականագետ Զ. Սառաջյանը, հանդես գալով բացման խոսքով, շնորհավորել է հեղինակին հերթական գրքի լույսընծայման կապակցությամբ` ընդգծելով, որ այն կարճ ժամանակահատվածում ունեցավ շատ ընթերցողներ` արժանանալով նրանց համակրանքին:IMG 5886

«Այն գիրք է, որ մղում է ճիշտ ապրելու, այն գիրք է, որ ստիպում է ընթերցողին ներհայելու և մի հետադարձ հայացք ձգելու անցած ճանապարհին. արդյո՞ք դու ճիշտ ես ապրել քո կյանքը և, եթե որևէ բացթողում կամ սխալ ունես, ապա ջանքերդ ուղղես այն շտկելու համար»,- գիրքն ու գրքի փիլիսոփայությունը այսպես մեկնաբանեց նա:

Արցախի գրական ընտանիքի նահապետը, ով սովորաբար առաջինն է արձագանքում արցախյան գրական դաշտի իրադարձություններին ու նրանց կողմից ստեղծվող գրականությանը` ավագ ընկերոջ մոտեցմամբ նկատեց, որ Մ. Ոբնը ոչ միայն յուրացնում է համաշխարհային գրական փորձը, այլև քարոզում այն` շաղախելով ազգայինը համամարդկայինի հետ:

«Ոբնը պատումի աստվածատուր տաղանդ ունի, որն այս անգամ ընթերցողի սեղանին է յուրովի դրսևորմամբ: Վիպակի գաղափարն ամփոփված է քրիստոնեական` մարդը մեղսական է բարոյախոսության մեջ, որը հեղինակային մտահղացման շնորհիվ փայլուն լուծում է ստացել քննարկվող ստեղծագործությամբ»,- նշում է Ս. Խանյանը:

Արտակ Ղուլյանը, Սիրվարդ Ստեփանյանը, Տաթև Սողոմոնյանը, Վիտյա Յարամիշյանը ևս գրականագիտական և հոգեբանական տարբեր մոտեցումներով մեկնաբանեցին վիպակը` շեշտադրելով հատկապես անձի երկվության հիմնախնդիրը, որը, ըստ բ.գ.թ. Արտակ Ղուլյանի, արցախյան գրականության մեջ նորույթ թեմա է. «Վերնագիրն ինքը երկատման վկայութուն է»,- նկատում է նա` արժևորելով ստեղծագործությունը:

Մ. Ոբնի հավատարիմ ընթերցողներից, մասնագիտությամբ բանասեր Արթուր Ավետիսյանը, յուրովի արժևորելով ստեղծագործությունը, հղում կատարեց ակադեմիկոս Ս. Սարինյանի այն դիտարկմանը, որ տարիներ շարունակ կինը հայ գրականության մեջ մնում էր կա´մ որպես հայրենիքի զինվոր, կա´մ դաստիարակող մայր, կա´մ հավատարիմ կողակից, սակայն որպես ֆիզիոլագիական ֆենոմեն այն մնաց չդրսևորված, ապա շեշտեց` «Ոբնը եզակիներից և առաջիններից է, ով կնոջը բարձրացրեց իր աստվածաստեղծ մակարդակին»:

IMG 5859Հաճելի էր քննարկումների ընթացքում լսել նաև ուսանողների տեսակետը, ովքեր մտքեր փոխանակեցին ներկաների հետ` հետաքրքիր շեշտադրումներով հերթական անգամ համոզելով, որ ավագ սերնդի մտահոգություն-մտավախությունները` երիտասարդութան` գրքից հեռանալու վերաբերյալ զուր են և անհիմն:

Իբրև ամփոփում, արտահայտվեց նաև ինքը` հեղինակը` պատասխանելով ընթերցողների հարցերին ու բացահայտելով ստեղծագործության գաղափարը: «Պատերազմի և համամարդկային խղճի բաղհյուսված, բազմազգայուն մի զգացողություն, որ վիպակում վեր է ածվում հոգու՝ մշտապես վերաբանվող  փիլիսոփայության», -նշել է Մարտիրոս Ոբնը` շնորհակալություն հայտնելով բանախոսներին ու ԱրՊՀ-ին` կազմակերպված քննարկման համար: Վերջում համալսարանի կողմից խորհրդանշական նվեր հանձնվեց գրքի հեղինակին: