Արցախի պետական համալսարան

IMG 6492  IMG 6504

IMG 6545  IMG 6530

Նոյեմբերի 1-ին ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի խորհրդի նիստում դեկան, ք.գ.թ., պրոֆեսոր Վոլոդյա Միրզոյանը հանդես է եկել ֆակուլտետի` 2017-2018 ուսումնական տարվա գործունեության մասին հաշվետվությամբ:

Վ. Միրզոյանը ներկայացրել է ֆակուլտետի գործունեության ուղղությունները, առանձին ուղղություններով իրականացված աշխատանքներն ու դրանց արդյունավետության մակարդակը, ապա անդրադարձել հաշվետու ժամանակահատվածում ֆակուլտետի ուսումնական գործընթացում ի հայտ եկած թերացումներն ու առաջարկել դրանց շտկման եղանակներ:

Շեշտադրելով հատկապես բնագիտական մասնագիտությունների նկատմամբ շրջանավարտների հետաքրքրության նվազումն ու ըստ այդմ՝ առանձին բաժիններում ի հայտ եկած խնդիրները՝ դեկանը հանդես է եկել նաև առաջարկություններով:

«Հանրակրթական դպրոցներում վերանայել բնագիտական առարկաների դրվածքը, հնարավորինս մատչելի դարձնել միասնական քննությունների թեստաշարերը, որոշ մասնագիտությունների գծով ժամանակավորապես ընդունելություն կազմակերպել հարցազրույցի միջոցով կամ առանց քննությունների, օրակարգային դարձնել կրկնակի դիպլոմների հարցը՝ այսպիսով ապագա մասնագետներին ընձեռելով աշխատաշուկայում դրսևորվելու լայն հնարավորություն»,- առաջարկել է պատասխանատուն:

Խորհրդի անդամներն իրենց ելույթներում, բնագիտական ֆակուլտետի 2017-2018 ուսումնական տարվա հաշվետվությունը բավարար գնահատելուց բացի, բարձրաձայնեցին խնդիրներ և անելիքներ, հանդես եկան առաջարկություններով, որոնց շուրջ պարզաբանումներ ներկայացրեց ռեկտոր Արմեն Սարգսյանը: Նա խոստացավ իր լիազորությունների և հնարավորությունների սահմանում լուծում տալ բարձրացված խնդիրներին՝ միաժամանակ առաջարկելուվ դրանց լուծման ուղիները քննարկել նաև առանձին ամբիոններում: