Նոյեմբերի 2-ին տնտեսագիտության ֆակուլտետում ֆինանսահաշվային ամբիոնի նախաձեռնությամբ գիտաճանաչողական ընթերցումների ձևաչափով նշանավորել են խնայողությունների միջազգային օրը, որին հրավիրված էին համալսարանի և ֆակուլտետի ղեկավարությունը, դասախոսներ, ուսանողներ:
Բացման խոսքում միջոցառման նախաձեռնող, ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանը ներկայացրել է օրվա խորհուրդն ու պատմությունը՝ հատկանշելով կարգախոսները. «Խնայողություն ասվածը պետք է դիտարկել առավել լայն իմաստով, այսինքն՝ այն ամենի, ինչը սպառվում է անխնա: Ուստի, որպես օրվա կարգախոս, առանձնացրել ենք մի քանիսը՝ «Կառավարե´ք ձեր փողը, որպեսզի փողի պակասը չկառավարի ձեզ», «Ժամանակը 21-րդ դարի իրական արժույթ է», «Մարդու էներգիայի արդյունավետ օգտագործումը իրական հաջողության գրավականն է»:
Ֆինանսներ բաժնի երրորդ կուրսի ուսանողները ընթերցումների շրջանակներում անդրադարձել են դրամական և ջրային ռեսուրսների խնայողությանը, վեցժամյա աշխատանքային օրվա ներդրման արդի նախադրյալներին, կենսունակության պահպանման մեթոդներին և այլն:
Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրել են նաև ուսանողության շրջանում անցկացված սոցհարցման արդյունքները: Հարցման արդյունքում ի հայտ եկած խնդիրները, օգտվելով առիթից, ներկայացվել են համալսարանի ղեկավարությանը՝ առաջարկելով ընթացքավորել դրանցից մի քանիսի լուծումը:
ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ողջունել է գիտաճանաչողական միջոցառումները՝ նշելով, որ հաճախ այդպիսի հանդիպումների ընթացքում նրբորեն բարձրաձայնված խնդիրների լուծումն առավել արդյունավետ է լինում:
«Մշտապես այն կարծիքին եմ եղել, որ ուսանողը պետք է լինի դասախոսի կրտսեր գործընկերը, ուսանողական խորհուրդը՝ դեկանատի և ամբիոնի աջակիցը: Հնչած խդիրների վերջնական լուծումը տրվելու է գլխավոր մասնաշենքի վերակառուցման արդյունքում»,- ասել է Ա.Սարգսյանը: