Նոյեմբերի 7-ին ԱրՊՀ պատմության և իրավագիտության ֆակուլտետի մեծ խորհրդի նիստում լսել են 2017-2018 ուստարում ֆակուլտետում կատարված աշխատանքների մասին հաշվետվությունը, որը ներկայացրել է դեկան, պ.գ.թ., դոցենտ Արմինե Խաչատրյանը: Նիստին ներկա էին նաև ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը, պրոռեկտորներ:
Ֆակուլտետի դեկանը ներկայացրել է հաշվետու տարում իրականացված ուսումնամեթոդական, գիտահետազոտական և այլ առանցքային ուղղություններում արձանագրած շոշափելի հաջողությունները, հնչեցրել առկա խնդիրները, նախանշել անելիքները:
«Ֆակուլտետի առաքելությունը և գիտական խնդիրը Արցախի պատմության, մշակույթի ուսումնասիրությունն է, ԱՀ չճանաչվածության պայմաններում քաղաքական, իրավական հիմնախնդիրների լուծմանն ու Արցախյան հիմնահարցի կարգավորման հարցերին նպաստելը: Ֆակուլտետի կառավարումն իրականացվում է դեկանի, ֆակուլտետի խորհրդի, մեծ խորհրդի կողմից: Հաշվետու՝ 2017-2018 ուսումնական տարում ֆակուլտետի խորհրդի կողմից հրավիրվել է 9 նիստ, որտեղ քննարկվել են ընթացիկ ուսումնագիտական հարցերը: Ֆակուլտետում զգալի աշխատանքներ են իրականացրել նաև ուսանողական ինքնավար մարմինները»,-նշել է Արմինե Խաչատրյանը` ներկայացնելով նաև ֆակուլտետի դասախոսական և ուսանողական կազմերի կողմից իրականացված գիտահետազոտական աշխատանքների արդյունքները: Խոսելով առկա խնդիրների մասին` ֆակուլտետի պատասխանատուն նշել է, որ պատմության ամբիոնում հիմնական խնդիրը հայագիտական ուսումնասիրությունների խորացումն է: Զգալի աշխատանքներ են կատարվել արցախյան գյուղերի պատմության ուսումնասիրության ուղղությամբ, ինչպես նաև թուրք-ադրբեջանական պատմագիտության կեղծաբանումները երևան հանելու, դրանց գիտականորեն հակադարձելու ողղությամբ: Իրավունքի ամբիոնում հետազոտությունների հիմնական ուղղությունը ԱՀ դատական համակարգի, ոլորտում առկա հիմնախնդիրների ուսումնասիրությունն է:
Դեկանը կարևորել է նաև ինքնուրույն,ավարտական աշխատանքների, թեզերի թեմաների ճիշտ և նպատակային ընտրությունը, որի ուսումնասիրությունը նպաստ կբերի հայագիտության ոլորտին: Ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները ոլորտին առնչվող մի շարք հարցեր են ուղղել ԱրՊՀ ռեկտորին, որոնց շուրջ տրվել են սպառիչ պատասխաններ և պարզաբանումներ: