Արցախի պետական համալսարան

IMG 7939  IMG 7930

IMG 7933   IMG 7971

Նոյեմբերի 8-ին մանկավարժության և սպորտի ֆակուլտետի 2017-2018 ուսումնական տարվա գործունեության մասին հաշվետվությամբ հանդես է եկել ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը:

Ներկայացնելով ֆակուլտետի գործունեության հիմնական ուղղություններով կատարված աշխատանքները՝ Շ. Այդինյանն ընդգծել է, որ հաշվետու ժամանակահատվածում ֆակուլտետում ուսումնադաստիարակչական աշխատանքները կազմակերպվել են մասնագիտությունների ծրագրային բարեփոխումների, ուսումնական գործընթացի պլանավորման, դասավանդման և գիտելիքների ստուգման գործընթացի բարելավման ուղղություններով:

Ֆակուլտետի կառուցվածքի և կառավարման, կրթական գործունեության կազմակերպման, գիտական, մեթոդական, արտալսարանային, ուսանողների հետ տարվող աշխատանքների, միջբուհական համագործակցության վերաբերյալ հանգամանալից հաշվետվության ընթացքում դեկանը հնչեցրել է նաև թերացումներն ու վրիպումները: Անդրադառնալով կրթական գործունեության կազմակերպմանը` Շ. Այդինյանը նկատում է, որ ժամաբաշխման համաչափություն է նկատվում հաստիքային և ժամավճարային աշխատողների հարաբերակցության մեջ. «Ոլորտի առաջատար մասնագետներին ուսումնական գործընթացում ներգրավելը ողջունելի է, սակայն ժամավճարային հիմունքներով վարվող դասաժամերի այսպիսի փորձը չի կարող ապահովել ամբիոնների սահուն սերնդափոխությունը»:

Այս և այլ հարցերի անդրադարձավ նաև ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը: Նա կարևորեց դեկանի կողմից փաստական նյութին զուգահեռ վերլուծության ներկայացումը, ապա պատասխանեց բարձրացված հարցերին: Արձագանքելով դեկանի՝ դասախոսական կազմի սերնդափոխության վերաբերյալ մտահոգություններին՝ ռեկտորը հորդորեց պատասխանատուներին ուշադրության կենտրոնում պահել դասախոսական կազմը երիտասարդ մասնագետներով համալրելու գործընթացը: