Արցախի պետական համալսարան

IMG 8006   IMG 7981

IMG 7992   IMG 8008

Նոյեմբերի 8-ին ԱրՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի ֆինանսներ մասնագիտության երրորդ կուրսի ուսանողները Ստեփանակերտի Վիտալի Ջհանգիրյանի անվան հ. 11 ավագ դպրոցում հանդես են եկել խնայողություններին նվիրված ճանաչողական ընթերցումներով:

Արդեն մի քանի տարի է, ինչ խնայողությունների միջազգային օրվան ընդառաջ ֆինանսահաշվային ամբիոնը նախաձեռնում է միջոցառումներ ինչպես համալսարանում, այնպես էլ համալսարանից դուրս: Հերթականը Ստեփանակերտի Վ. Ջհանգիրյանի անվան հ. 11 ավագ դպրոցում էր: Ֆինանսներ բաժնի ուսանողները, ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանի գլխավորությամբ, աշակերտների համար վարել են Երկիր մոլորակի ռեսուրսները խնայողաբար և արդյունավետ օգտագործելուն ուղղված դաս:

«Վ. Ջհանգիրյանի անվան հ. 11 ավագ դպրոցի հետ մեր համագործակցությունը տարիների պատմություն ունի և, փորձը ցույց է տալիս, որ բուհ-դպրոց համագործակցությունը երկուստեք առողջ պտուղներ է տալիս, որոնցից լավագույնը ճանաչողական ընթերցումներն են»,- նշել է Ն. Ավանեսյանը:

Նատալիա Առաքելյանը առաջին անգամ չէ հ. 11 ավագ դպրոցում: Այն իր հարազատ դպրոցն է, միայն թե կարգավիճակն է փոխվել. Երեկ՝ աշակերտ, այսօր արդեն՝ ուսուցիչների կրտսեր գործընկեր:

«Հարազատ դպրոցում դասախոսությամբ հանդես գալը պարտավորեցնող է, բայց և՝ հաճելի: Այսպիսի հանդիպումները անհրաժեշտ են և´ աշակերտներին, և´ ուսանողներին»,- ասել է ուսանողուհի Նատալիա Առաքելյանը, ով նույն դպրոցի շրջանավարտն է: