Արցախի պետական համալսարան

 

REKTOR

 Սիրելի՛ ուսանողներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ`Ուսանողների միջազգային օրվա առթիվ: Այսօր առիթ է` ևս մեկ անգամ կարևորելու և արժևորելու ուսանողության դերը մեր երկրի կայուն զարգացման և պետականության հիմնասյուներն ամրապնդելու գործում: Աշխարհաքաղաքական զարգացումների այս բարդ իրավիճակում երիցս կարևորվում է ազգային արժեհամակարգ ունեցող, հայրենասեր, կիրթ, խելացի ուսանողներ ունենալը, ովքեր երկրի տիրոջ սրտացավություն կունենան հայրենիքի հանդեպ: 

Բոլոր ժամանակներում Արցախի մայր բուհի ուսանողությունը եղել է լավագույն գաղափարների կրողն ու կյանքի կոչողը: Արցախի պետական համալսարանը լավագույն մասնագետներ է տվել մեր երկրի բոլոր ոլորտներին, և յուրաքանչյուրը յուրովի իր նպաստն է բերում երկրի շենացմանը: Համոզված եմ, որ դուք, ձեր ուսումնառության ժամանակը արդյունավետ օգտագործելով,կդառնաք լավ մասնագետներ և կլինեք այդ լավագույնների շարունակողը:

ԱրՊՀ որդեգրած ուսանողակենտրոն ուսուցումը միտված է կրթության որակի բարձրացմանն ու ժամանակակից աշխարհի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետների պատրաստմանը, ուսանողին անհատական օժանդակություն ցուցաբերելուն, որը կարևորում եմ կրթական առաքելության գործում:Ուսանողը պետք է լինի դասախոսի կրտսեր գործընկերը, և համալսարանական ցանկացած որոշում ընդունելիս հաշվի առնվի նաև ուսանողության կարծիքը:

Սիրելի՛ ուսանողներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ և հորդորում, որ ուսումնառության տարիների ամեն մի օրն օգտագործեք ի շահ ձեր մտավոր ներուժի ու կարողությունների զարգացման: Մաղթում եմ խաղաղություն, անձնական ու համազգային իղձերի իրականացում և հաջողություններ: