Նոյեմբերի 17-ը նշվում է որպես Ուսանողների միջազգային օր: Օրվա առթիվ Արցախի Հանրապետությունում գործող բարձրագույն հաստատություններում տեղի են ունենում միջոցառումներ` արժևորելով ու կարևորելով ուսանողության դերը երկրի զարգացման գործում: Այսօր բոլոր շնորհավորանքների ու բարեմաղթանքների հասցեատերը ուսանողն է: Ուսանողների միջազգային օրվա առթիվ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ են հղում նաև մեր ուսանողները:
Այսօրվա ուսանողը յուրաքանչյուր պետության զարգացման վաղվա երաշխավորն է, ուստի ներկայիս ուսանողության ձգտումներով ու երազանքներով է պայմանավորված Արցախի ապագան: Հպարտ եմ, որ սովորում եմ Արցախի պետական համալսարանում: Համալսարան, որ իր համեստ հնարավորություններով փորձում է անհնարինը հնարավոր դարձնել՝ ի շահ ուսանողի և մեր երկրի ապագայի: Շնորհավորում եմ բոլորիս տոնի կապակցությամբ, մաղթում եմ հաջողություններ ուսման մեջ, լավատեսություն, եռանդ ու կամք՝ նպատակների իրականացման ճանապարհին:
Կարինե Բաղդասարյան
ֆիզիկա, 3-րդ կուրս
Սիրելի´ ուսանողներ, ի սրտե շնորհավորում եմ ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ: Կիրթ և բանիմաց ուսանողը ապագա մասնագետ է, որի մասնագիտական որակներով պայմանավորվում է երկրի ապագան, ուստի այս գործում կարևոր է յուրաքանչյուրիս ընտրած մասնագիտությունը: Համառենք մեր երազանքներն ի կատար ածելու ճանապարհին՝ հանուն մեր երկրի լուսավոր ապագայի:
Անգելինա Միրզոյան
ՏՄՄ, 3-րդ կուրս
Ուսանողի համար ամենադժվարը ստուգարք-քննությունների շրջանն է, սակայն դրանով չէ, որ սկսվում կամ ավարտվում է ուսանողական կյանքը: Ուսանողական ակտիվ առօրյայի համար այսօր ստեղծված են լավագույն պայմաններ: Մաղթում եմ լիարժեք վայելել ուսանողական ամեն մի օրը, օգտվել ընձեռված հնարավորություններից՝ ոչ միայն քաղաքացի, այլև մասնագետ դառնալու ճանապարհին: Հիշե´ք՝ մենք ենք տերը մեր երկրի:
Աննա Հարությունյան
ՏՄՄ, 2-րդ կուրս
Հանդիսանալով հասարակության շարժիչ ուժը և ներկայացնելով նրա եռանդուն էությունը՝ ուզում եմ, որ մենք կառուցենք մեր երազանքների հայրենիքը: Օրվա կապակցությամբ ընկերներիս մաղթում եմ հավատարիմ մնալ ազգային արժեքներին, մեր մարդկային և մասնագիտական որակներով նպաստել հայրենիքի պաշտպանությանը: Իղձերի իրականացում ձեզ և նորանոր հաջողություններ ուսման մեջ:
Արփինե Մկրտչյան
Մանկավարժություն և մեթոդիկա, 4-րդ կուրս
Սիրելի´ ուսանողներ, սրտանց շնորհավորում եմ ուսանողների միջազգային օրվա առթիվ, ցանկանում եմ հաստատակամություն գիտելիքների ձեռքբերման ճանապարհին, ինքնավստահություն սեփական ուժերի և կարողությունների նկատմամբ: Միայն այս դեպքում կարող ենք պայծառ և հուսալի դարձնել մեր երկրի վաղվա օրը: Շնորհավո՜ր:
Անգելինա Մկրտչյան
Տեղեկատվական տեխնոլոգիաներ, 1-ին կուրս
Սիրելիներս, ի սրտե շնորհավորում եմ ողջ ուսանողությանը՝ տոն օրվա կապակցությամբ: Մաղթում եմ, որ ուսանողության տարիներին ստացած գիտելիքները ծառայեցվեն նպատակների իրականացմանը: Ազգի ապագան պետք է փնտրել երիտասարդության ափերում:
Անի Հակոբյան
Տեղեկատվական տեխնոլոգիաներ, 3-րդ կուրս
Սիրելի´ ընկերներ, ցանկանում եմ ուսանողական անմոռաց տարիներ, խելահեղ գաղափարներ և համարձակություն՝ դրանք իրականացնելու համար: Դա է գունեղ դարձնում ուսանողական առօրյան: Լինենք միասնական և հավատարիմ այն արժեքներին, որ ուսանողների միջազգային օրվա խորհուրդն է կրում իր մեջ:
Նոննա Շաֆերյանց
Մաթեմատիկա, 3-րդ կուրս
Շնորհավորելով ուսանող ընկերներիս՝ կմաղթեի ձեռքբերումներ ուսումնագիտական նախաձեռնություններում, ինչպես նաև աշխատասիրություն, լավատեսություն և կամք՝ դրանք գործնականում իրականություն դարձնելու համար:
Գիտելիքներով զինված մարդն ինքնին արժեք է ցանկացած իրավիճակում, ուստի եկեք հնարավորինս զինված լինենք՝ մասնակցելով մեր երկրի պաշտպանությանն ու ապահով երկրի կառուցմանը: Համոզված եմ՝ մենք արժանապատվորեն կհաղթահարենք մեզ տրված բոլոր փորձությունները:
Անուշ Դանիելյան
Պատմություն, 2-րդ կուրս
Շնորհավորում եմ բոլորիս տոնը, ցանկանում եմ հաստատուն կամք, հաջողություններ ուսման մեջ և համարձակ ձեռնարկումներ՝ ի նպաստ մեր երկրի և մեր հասարակության: Նաև հորդորում եմ լավագույնս օգտագործել ներկայիս հնարավորությունները, ձեռք բերել շատ գիտելիքներ, մասնակցել ուսանողական կյանքի ակտիվացմանը:
Սոֆիա Ասրյան
Ֆինանսներ 3-րդ կուրս
Շնորհավորում եմ բոլոր ուսանողների տոնը և ցանկանում հագեցած և երջանիկ ուսանողական օրեր: Զինվենք գիտելիքի անսպառ պաշարով և դառնանք հայրենիքի արժանի զավակներ: Վստահ ենք, որ մեր ուսումնառության տարիներին կկարողանանք դառնալ լավ մասնագետներ և կնպաստենք մեր երկրի զարգացմանը յուրաքանչյուրս յուրովի:
Անգելինա Համբարձումյան
Լրագրություն, 4-րդ կուրս
Ուսանողական տարիների ընթացքում մենք կայանում ենք իբրև մասնագետ, դառնում վաղվա Արցախը կերտող քաղաքացիներ:Եկե΄ք պատասխանատու լինենք մեր պարտականությունների համար, լիարժեքորեն նվիրվենք նպատակների իրագործմանը, դառնանք օրինակ միմյանց համար: Իմ և իմ ֆակուլտետի բոլոր ուսանողների կողմից ջերմորեն շնորհավորում եմ տոնի առթիվ, յուրաքանչյուրիս մաղթում հաստատուն և լուսավոր ճանապարհ, բարձր առաջադիմություն, հագեցած և արդյունավետ ուսումնական տարիներ: Կրթությունը դարձնե΄նք գերակա նպատակ:
Լենա Մուսայելյան
Պատմություն, 1-ին կուրս