Արցախի պետական համալսարան

IMG 9295  IMG 9283

Կայացել է «Տարվա լավագույն ուսանող» մրցույթի ներբուհական փուլը:Հաղթող է ճանաչվել տնտեսագիտության ֆակուլտետի ֆինանսներ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողուհի Դիանա Խաչատրյանը:

Մրցույթի նպատակն է բացահայտել այն ուսանողներին, ովքեր ունեն ուսումնական բարձր առաջադիմություն, գիտահետազոտական հակումներ և ակտիվություն՝ ստեղծագործական, սպորտի և հասարակական կյանքի բնագավառներում: Մրցույթն անց է կացվել՝ հիմք ընդունելով ներկայացված թեկնածուների ուսման առաջադիմությունը, մասնագիտական ձեռքբերումները և հասարակական ակտիվությունը:

ԱրՊՀ ռեկտորի հրամանով հաստատված մրցութային հանձնաժողովի նիստում ուսումնասիրվել, քննարկվել և թեկնածուների հետ կազմակերպվել են հարցազրույցներ: Հաշվի առնելով մրցույթի անցկացման կարգի պահանջները` ուսման առաջադիմությունը, մասնագիտական ձեռքբերումները և հասարակական ակտիվությունը` մրցութային հանձնաժողովը առանձնացրել է չորս թեկնածուների` Դիանա Լևոնի Խաչատրյանին, Անժելիկա Սասունի Դավիդյանին, Անահիտ Մանվելի Մխիթարյանին, Արփինե Վիտյայի Յարամիշյանին, ովքեր աչքի են ընկել նշված բոլոր ուղղություններով: Դիանա Լևոնի Խաչատրյանը ուսումնագիտական ակտիվություն է ցուցաբերել նաև` միջազգային պարբերականում հոդված տպագրելով, ինչն էլ արձանագրվել է որպես առավելություն: Հանձնաժողովի քննարկման արդյունքում ԱրՊՀ լավագույն ուսանող է ճանաչվել Դիանա Լևոնի Խաչատրյանը, ով կմասնակցի մրցույթի 2-րդ` հանրապետական փուլին:

Մրցութային հանձնաժողովը, հաշվի առնելով բարձր ցուցանիշներ արձանագրած թեկնածուների արդյունքները, Անժելիկա Սասունի Դավիդյանին` «Ուսման առաջադիմություն», Անահիտ Մանվելի Մխիթարյանին` «Մասնագիտական ձեռքբերումներ», Արփինե Վիտյայի Յարամիշյանին` «Հասարակական ակտիվություն» անվանակարգերում ճանաչել է հաղթող:

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը պատվոգրերով, գրքերով և դրամական պարգևով խրախուսել է տարբեր անվանակարգերում հաղթած և լավագույն ճանաչված ԱրՊՀ ուսանողներին: