Արցախի պետական համալսարան

46330675 748976378772177 9209937430692495360 o  46451109 748976235438858 4297321440589381632 o

46493646 748976405438841 7208462209532297216 o  46373132 748976222105526 6458080673587527680 o

Հաշվի առնելով ուսանողության առաջարկը՝ ԱրՊՀ ղեկավարության նախաձեռնությամբ Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր՝ նոյեմբերի 16-ին, Ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ ընդունել է ԱրՊՀ մի խումբ ուսանողների: 

Հանդիպմանը ներկա էին նաև ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը, ԱրՊՀ ղեկավարությունը: Գրիգորի Մարտիրոսյանը, շնորհավորելով ուսանողներին գալիք տոնի առթիվ՝ կարևորել է ուսանողության դերը երկրի զարգացման բոլոր ոլորտներում և մաղթել նրանց ուսումնական հաջողություններ:

«Բոլոր երկրներում ուսանողությունը եղել է ցանկացած բարեփոխման և դրական փոփոխությունների շարժիչ ուժը: Համոզված եմ, որ այդ ներուժը կա նաև ձեր մեջ և հակված եք դրական փոփոխություններին նպաստելու: Դուք ձեր կյանքի ամենահետաքրքիր ու լուսավոր ժամանակահատվածն եք ապրում: Ողջունում եմ ձեր ակտիվությունը, որը դրսևորվում է նաև արտահամլսարանական ձեռնարկումներում»,-դիմելով ուսանողությանը՝ նշել է Գ. Մարտիրոսյանը:

Պետնախարարը համառոտ ներկայացրել է ԱՀ տնտեսության ներկա վիճակը, գյուղատնտեսության, էներգետիկայի, բնակարանաշինության ուղղություններով իրականացվող ծրագրերը, արձանագրված առաջընթացը, զարգացման հեռանկարները: Շոշափելի հաջողություններից պետնախարարն առանձնացրել է հատկապես էներգետիկայի ոլորտը: «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ Արցախում ամբողջությամբ զարգացնում ենք վերականգնվող էներգիան, կամ, այսպես կոչված, կանաչ էներգիան: Այդ առումով մեր հանրապետությունը աշխարհում առաջատարներից է»,- նշել է Գ․ Մարտիրոսյանը՝ մանրամասնելով, որ Արցախն էներգետիկ արտադրանքի առումով ինքնաբավությունից արդեն անցում է կատարել արտահանողի կարգավիճակի։ Նա ուսանողներին տեղեկացրել է նաև, որ հիդրոէներգետիկ ոլորտում Արցախը թերևս մեծ ներուժ ունի, և զուգահեռաբար շարունակվելու է արևային էներգետիկայի զարգացումը։

Հանդիպմանը Գ․ Մարտիրոսյանը պատասխանել է ուսանողներին հուզող հարցերին, որոնք վերաբերում էին տարբեր խնդիրների՝ ԱրՊՀ հանրակացարանի հին մասի վերանորոգմանը, երիտասարդական նորարարական բիզնես ծրագրերի և արտերկրում ուսումնառության պետական խրախուսմանը, ուսանողների ակադեմիական փոխանակությանը, ԱրՊՀ ամառային ճամբարն ու դաշտային փորձուսուցումը կազմակերպելու նպատակով համալսարանական տարածք ունենալուն, բնագիտական ուղղությամբ բուհի դիմորդների՝ տարեցտարի նվազման պատճառով տվյալ մասնագիտություններն ավելի գրավիչ դարձնելուն ուղղված քայլեր ձեռնարկելուն և այլ հարցերի:

Հանդիպման ավարտին ԱրՊՀ ռեկտորը, կարևորելով նման հանդիպումների նշանակությունը, շնորհակալություն է հայտնել ԱՀ պետնախարարին՝ ընդունելության և ուսանողության առաջարկին ընդառաջելու համար: