Մանկավարժության և հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին կազմակերպված գիտամանկավարժական ընթերցումները նվիրված էին Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան 110-ամյակին:
Միջոցառմանը հրավիրված էին ֆակուլտետի ղեկավարությունը, դասախոսական կազմը, ուսանողներ, ՀԱԵ Արցախի թեմի ներկայացուցիչներ:
Ողջունելով հյուրերին` մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Էլլադա Բաղդասարյանը ներկայացրել է կաթողիկոսի գործունեությունը, առանձնապես Արցախին և Արցախի ժողովրդին առնչվող դրվագները:
«Վազգեն Առաջին կաթողիկոսի ավանդը հայ եկեղեցաշինության և հայ հոգևոր դասի համախմբման գործում շատ մեծ է եղել: Անուրանալի է ազգային և հոգևոր արժեքների պահպանության, զարգացման գործում դրսևորած նրա նվիրումն ու մատուցած բացառիկ ծառայությունները: Այսօր բոլորս ականատեսն ու մասնակիցն ենք ուրախալի երևույթի, որը ճանապարհ է բացում դեպի հավատքի սրբավայր՝ դեպի եկեղեցի»,- ասել է միջոցառման նախաձեռնող Է. Բաղդասարյանը՝ այս համատեքստում հատկանշելով Կաթողիկոսի՝ «Ե΄տ դարձիր, մա΄րդ» պատգամը:
Միջոցառման ընթացքում ուսանողները ներկայացրել են Վազգեն Առաջինի կենսագրական և մասնագիտական ուղին, հոգևոր, մանկավարժական, գրականագիտական, փիլիսոփայական, հասարակական-քաղաքական, կրթադաստիարակչական գործունեությունը, որից հետո ցուցադրվել է նրա մասին պատմող ֆիլմ: