Արցախի պետական համալսարան

IMG 9938 IMG 0016

IMG 9922 IMG 0031

Նոյեմբերի 22-ին ԱրՊՀ մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, ֆ.մ.գ.թ., դոցենտ Լիանա Աբրահամյանի նախաձեռնությամբ կայացել է միջոցառում` նվիրված մաթեմատիկայի ամբիոնի պրոֆեսոր, երջանկահիշատակ Ստեփան Պետրոսյանի ծննդյան 70-ամյակին:

 Մաթեմատիկայի ամբիոնի վարիչ Լիանա Աբրահամյանը միջոցառման բացման խոսքում ներկայացրել է հիշարժան դրվագներ Ս. Պետրոսյանի կենսագրական և մասնագիտական ուղուց, ընդգծել նրա գիտամանկավարժական 35 տարիների ներդրումը գիտության և մանկավարժության զարգացման, կադրերի պատրաստման և վերապատրաստման գործում:

«Ս. Պետրոսյանն իր ողջ գիտելիքներն ու եռանդն ի սպաս է դրել համալսարանի գիտակրթական համակարգի զարգացման գործին: Նա իր խորը իմացություններով ու բարձր ինտելեկտով նպաստել է իմ ու իմ գործընկերների մասնագիտական հասունացմանն ու կայացմանը»,- նշել է նա:

«Նա կապրի այնքան, որքան մենք հիշում ենք նրան»,- համակարծիք էին գործընկերներն ու ընկերները, ովքեր իրենց ելույթներում ներկայացրեցին Ս. Պետրոսյան մարդուն, ընկերոջը, գիտնականին, մանկավարժին, գործընկերոջն ու ընտանիքի հորը: Իսկ ելույթ ունեցողները սաներն էին, ովքեր նրա իսկ ուղղորդմամբ ընտրել են գիտության և մանկավարժության ճանապարհը և որոնք կրում ու սերունդներին են փոխանցում Ս. Պետրոսյանի դավանած արժեքները:

Հոր հիշատակը մշտապես վառ պահելու համար ընտանիքի անունից երախտագիտության խոսքեր հղեց Ս. Պետրոսյանի կրտսեր որդին` Սուրեն Պետրոսյանը. «Շնորհակալ ենք միջոցառման կազմակերպիչներին և ելույթ ունեցողներին` հերթական անգամ վերարժևորելու, գնահատելու Ս. Պետրոսյանի վաստակն ու նվիրումը»:

Միջոցառման երկրորդ մասում ուսանողները հանդես են եկել բարձրագույն մաթեմատիկային վերաբերող ընթերցումներով, որոնցից լավագույն ելույթը արժանացել է պատվոգրի: