Արցախի պետական համալսարան

IMG 0176   IMG 0167

IMG 0231   IMG 0248

Նոյեմբերի 22-ին ԱրՊՀ ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանի նախաձեռնությամբ կազմակերպված ուսանողական գիտական ընթերցումներով նշանավորվեց բանկային աշխատողի օրը, որին հրավիրված էին նաև ներկայացուցիչներ բանկային և ոլորտին առնչվող այլ համակարգերից:

 Ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Նարինե Ավանեսյանը, շնորհավորելով բանկային համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթել է մասնագիտական ձեռքբերումներ:

«Ոլորտում աշխատելը պահանջում է բարձր պրոֆեսիոնալիզմ, կատարելագործված գիտելիքներ և հմտություններ, ուստի մաղթում եմ, որ ձեր աշխատանքում ավելի շատ կայունություն լինի, որը հիմք կտա կարիերայի արագ աճի»,- ասել է նա՝ որպես օրինակ նշելով տնտեսագիտության ֆակուլտետի շրջանավարտներին, ովքեր միջոցառմանը ներկա էին արդեն իբրև ոլորտի համակարգողներ:

Բանկային համակարգի աշխատողի օրը պատահական չէ ընտրվել. 1993 թվականի նույն օրը խորհրդային ռուբլու փոխարեն Հայաստանում և Արցախում շրջանառության մեջ է դրվել ազգային արժույթը՝ հայկական դրամը, որի կապակցությամբ էլ ուսանողներն անդրադարձել են չճանաչված պետությունների, այդ թվում՝ ԱՀ տարածքում բանկային գործունեության կայացման և զարգացման առանձնահատկություններին, ֆինանսական կայունության վրա ազդող գործոններին, պլաստիկ քարտերի ձևավորման ՀՀ շուկային և վիրտուալ արժույթին: