Արցախի պետական համալսարան

Ani Azatyan

 Ապրում ես անցյալի մասին հիշողություններով և բաց ես թողնում ներկադ։ Այն սահուն կերպով, աննկատ դառնում է ոչ վաղ անցյալ։ Վազում ես երջանկության հետևից, շատ ես փնտրում, բայց արդյունքում ոչինչ էլ չես գտնում որպես պատասխան։Եվ ահա մոտ ապագայում պարզում ես հանկարծ, որ թակոց էր եղել քո կյանքի դռան, բայց դու չես լսել այն։ Այդ երջանկությունն էր հյուր եկել հանկարծ, որ տաք թեյի շուրջ զրույց ունենաք և գուցե նույնիսկ անժամկետ մտերմանաք… Ապրում ես` ապագադ ծրագրելով, և բաց ես թողնում ներկադ։ 

Այն կարող էր դառնալ ապահով ապագայի գրավական, սակայն սահուն կերպով, աննկատ դարձավ ոչ վաղ անցյալ։ Այն դատարկություն չթողեց, այլ` ժամանակ, տարածություն, հնարավորություն։ Այն թողեց անկումների և վերելքների խոստումներ, ՀՈՒՅՍ, ՀԱՎԱՏ ՈՒ ՍԵՐ։Մի բան վստահ կարող եմ ասել` կյանքը հիասքանչ է։ Այն հիասքանչ է իր երանգներով, մայրամուտներով, լուսաբացներով, իր բոլոր հրաշքներով։ Եվ նույնիսկ ամենադժվար պահին, երբ թվում է, թե ամեն ինչ կորած է, մի փորձիր հանկարծ մտածել, որ կյանքը կորցրել է գույներն իր բոլոր։ Քանզի ամեն ավարտ ինչ-որ նորի սկիզբ է, և ամեն մի անկում նոր վերելքներ է խոստանում։ Երբեմն պետք են լինում այդ դժվար փորձությունները, որոնք, ցավոք, որոշներին թևաթափ են անում։ Սակայն դրանք շատ հաճախ ուժ են հաղորդում` նորից փորձելու, նորը ստեղծելու, ամուր ոտքերի վրա հստակ կանգնելու։ Դրանք սիրտ են տալիս՝ ավելին սպասելու, աչքեր՝ լույսը տեսնելու։

Անի Ազատյան, անգլերեն լեզու և գրականություն, 2-րդ կուրս