Արցախի պետական համալսարան

     Արցախի պետական համալսարանը օրերս մեծ նվեր ստացավ ` գրքերի ավելի քան 80 կտորից բաղկացած հավաքածու, որի մեջ ընդգրկված են Վերածննդի շրջանից մինչև 20-րդ դարի նկարիչները` յուրաքանչյուրն առանձին գրքով:

Այդ հարուստ գանձարանը, ինչպես որակեց ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը, Նիժնի Նովգորոդի հայ համայնքի նվերն է, որն Արցախ է հասցրվել Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի տոնակատարության կապակցությամբ Երևան հրավիրված` նիժնինովգորոդցի բանաստեղծ Վիկտոր Կոնոպլյովը: Նա արդեն ճանաչ անուն է ղարաբաղցիներին: ԼՂՀ կրթության և գիտության նախարարության կողմից այս տարվա գարնանը կազմակերպված` Ռուսական խոսքի օրերի շրջանակում ՌԴ-ից, Հայաստանի ռուսական համայնքի պատվիրակության կազմում Վ. Կոնոպլյովը եղել է Արցախում, հանդիպումներ ունեցել մայրաքաղաքի և շրջանների ուսումնական հաստատություններում, այդ թվում` Արցախի պետական համալսարանում: Այդ օրերին ԱրՊՀ-ում բացվել էր նաև Ռուս բարեկամների կենտրոն, որի ժամանակ Վ. Կոնոպլյովը խոստացել էր գրքեր և այլ նյութեր հայթայթել համալսարանի համար: Նա հաճույքով լսեց, որ իր ՙՀայկական շարքը՚ թարգմանվել է համալսարանում: Ի դեպ, ինքն էլ Արցախի օրհներգն է թարգմանել ռուսերեն: ԱրՊՀ ռեկտոր Ս. Դադայանը ողջունեց Վ. Կոնոպլյովի երկրորդ այցը մայր բուհ: Գրքերի հավաքածուն ստեղծելուն իր մասնակցությունն է ունեցել նաև Նիժնի Նովգորոդի համալսարանը, որտեղ տեղյակ են Ղարաբաղի մասին, ուսանողները գրում են գիտական աշխատանքներ այդ թեմայով: Նա հույս հայտնեց, որ այդ գրքերի միջոցով կդրվի բարեկամության հիմքը Արցախի և Նիժնի Նովգորոդի պետական համալսարանների միջև: