Արցախի պետական համալսարան

IMG 0751 IMG 0702

IMG 0682 IMG 0723

Ֆինանսահաշվային ամբիոնի դոցենտ, տ.գ.թ. Եվգենյա Հայրիյանի նախաձեռնությամբ «Դրամավարկային քաղաքականություն» դասընթացի շրջանակներում նոյեմբերի 29-ին ֆինանսներ մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները գիտաճանաչողական ընթերցումների ձևաչափով ներկայացրել են մի քանի երկրների ֆինանսական քաղաքականությունը:

«Առանձին դասընթացների ամփոփումը ինքնանպատակ չէ. այս կերպ ուսանողները ինքնուրույն հետազոտական աշխատանք իրականացնելու և այն հանրային ելույթների չափանիշներին համապատասխան ներկայացնելու հնարավորություն են ստանում»,- նկատում է դասընթացավար Ե. Հայրիյանը:

Ուսանողները, աշխատելով չորս առանձին խմբերում, ուսումնասիրել և ներկայացրել են ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Բելգիայի և Վրաստանի աշխարհագրական և ազգային առանձնահատկությունները, ֆինանսական ցուցանիշները, բանկային համակարգն ու դրամավարկային քաղաքականությունը:

Ներկայացումից հետո ծավալված քննարկումների արդյունքում ընտրվել է լավագույն ելույթը, որի համար չափանիշ էին ինչպես հետազոտության որակական ցուցանիշները, այնպես էլ մատուցման եղանակները` իմիջ, բրենդ և այլն: