Բուհ-դպրոց համագործակցության ամրապնդմանը միտված ԱրՊՀ կողմից իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ: ԱրՊՀ բնագիտական ֆակուլտետի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի նախաձեռնությամբ ավագ դպրոցների աշակերտների և ուսանողների ներգրավմամբ նոյեմբերի 29-ին ԱրՊՀ-ում կազմակերպվել է օլիմպիադա, որը միտված էր բուհ-դպրոց համագործակցության ամրապնդմանը, հանրության շրջանում բնագիտական առարկաների հանդեպ հետաքրքրությունն ավելացնելուն:
Խոսելով տեղեկատվական տեխնոլոգիաների դերի ու նշանակության մասին՝ բնագիտական ֆակուլտետի դեկան Վոլոդյա Միրզոյանը միաժամանակ կարևորում է համատեղ միջոցառումների կազմակերպումը. «Այսպիսով նպատակ ունենք բարձրացնելու հետաքրքրությունը բնագիտական առարկաների նկատմամբ, նաև բացահայտելու լավագույն աշակերտներին, որոնք պիտի համալրեն բաժնի ուսանողության շարքերը»:
«Տեղեկատվական տեխնոլոգիաները լայն թափով մուտք են գործում բոլոր բնագավառներ, ուստի լավագույն մասնագետների կարիք մշտապես զգացվում է,- ասում է ԱրՊՀ պրոռեկտոր Գեորգի Սահակյանը,- ուստի կոչ եմ անում զբաղվել ինքնակրթությամբ և դառնալ ամենապահանջված ոլորտի մասնագետներ»:
Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ամբիոնի վարիչ Վազգեն Առստամյանը ներկայացրել է օլիմպիադայի ընթացակարգն ու կանոնները, որից հետո մասնակիցներն անցել են առաջադրված խնդիրների լուծմանը:
Լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցները ԱրՊՀ կողմից կխրախուսվեն պատվոգրերով և մասնագիտական գրքերով: