Արցախի պետական համալսարան

IMG 0810  IMG 0812

IMG 0818  S.Minasyan

Նոյեմբերի 30-ին ակադեմիկոս Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Սիլվա Մինասյանի նախաձեռնությամբ հայոց լեզու և գրականություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների հետ հանդիպում է ունեցել բանաստեղծ Ռոբերտ Եսայանը:

Հանդիպման ընթացքում Ռոբերտ Եսայանը ուսանողներին ներկայացրել է Արցախում գրականության զարգացման ընթացքը, իր գրական գործունեությունը` առաջին քայլերից մինչև մեր օրեր:

«Մի շրջան կար, երբ կարծում էի, թե գրքի ու գրականության ժամանակը չէ: Այսօր, սակայն, համոզված եմ՝ բոլոր ժամանակներում էլ գիրն արդիական է, միայն թե՝ տարբեր են ընկալումները»,- ասում է գրողը` կարևորելով ուսանողների հետ նման հանդիպումների նշանակությունը գրող-ընթերցող կապն ամրապնդելու գործում:

«Այսպիսի հանդիպումները բանաստեղծի համար ներշնչանքի աղբյուր են: Ուսանողները կարողացել են ընկալել իմ բանաստեղծությունը, խորանալ նրա տեքստի ու ենթատեքստի տարածքներում: Ուսանողների համար էլ են  կարևոր այսպիսի հանդիպումները, նրանք անմիջական պատկերացում են կազմում գրողի, նրա ստեղծագործական ընթացքի, լեզվաոճական հնարանքների  մասին` լսելով հեղինակի խոստովանությունները»,-ասում է բանաստեղծը:

Նախաձեռնող Ս. Մինասյանը կարևոր է համարում անմիջական շփումները ժամանակակից հեղինակների հետ, որոնք առանձնապես էական են բանասիրական ֆակուլտետի ուսանողների դեպքում. «Մի քանի դասընթացների շրջանակներում մենք ուսումնասիրում ենք նաև Արցախի գրողների լեզվաոճական առանձնահատկությունները: Այս առումով կարևոր ենք համարում հանդիպումներն այն հեղինակների հետ, որոնց ստեղծագործություններն ուսումնասիրում ենք»: