Նոյեմբերի 30-ին ակադեմիկոս Ս. Աբրահամյանի անվան հայոց լեզվի ամբիոնի դոցենտ, բ.գ.թ. Սիլվա Մինասյանի նախաձեռնությամբ հայոց լեզու և գրականություն մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողների հետ հանդիպում է ունեցել բանաստեղծ Ռոբերտ Եսայանը:
Հանդիպման ընթացքում Ռոբերտ Եսայանը ուսանողներին ներկայացրել է Արցախում գրականության զարգացման ընթացքը, իր գրական գործունեությունը` առաջին քայլերից մինչև մեր օրեր:
«Մի շրջան կար, երբ կարծում էի, թե գրքի ու գրականության ժամանակը չէ: Այսօր, սակայն, համոզված եմ՝ բոլոր ժամանակներում էլ գիրն արդիական է, միայն թե՝ տարբեր են ընկալումները»,- ասում է գրողը` կարևորելով ուսանողների հետ նման հանդիպումների նշանակությունը գրող-ընթերցող կապն ամրապնդելու գործում:
«Այսպիսի հանդիպումները բանաստեղծի համար ներշնչանքի աղբյուր են: Ուսանողները կարողացել են ընկալել իմ բանաստեղծությունը, խորանալ նրա տեքստի ու ենթատեքստի տարածքներում: Ուսանողների համար էլ են կարևոր այսպիսի հանդիպումները, նրանք անմիջական պատկերացում են կազմում գրողի, նրա ստեղծագործական ընթացքի, լեզվաոճական հնարանքների մասին` լսելով հեղինակի խոստովանությունները»,-ասում է բանաստեղծը:
Նախաձեռնող Ս. Մինասյանը կարևոր է համարում անմիջական շփումները ժամանակակից հեղինակների հետ, որոնք առանձնապես էական են բանասիրական ֆակուլտետի ուսանողների դեպքում. «Մի քանի դասընթացների շրջանակներում մենք ուսումնասիրում ենք նաև Արցախի գրողների լեզվաոճական առանձնահատկությունները: Այս առումով կարևոր ենք համարում հանդիպումներն այն հեղինակների հետ, որոնց ստեղծագործություններն ուսումնասիրում ենք»: