ԱՐՊՀ ԿԵՐՊԱՐՎԵՍՏ ԵՎ ԳԾԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅԱՄԲ ՍՈՎՈՐՈՂ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ |
05.12 2018 |
Այսօր` դեկտեմբերի 5-ին, ԱրՊՀ գիտական գրադարանի նախաձեռնությամբ հրավիրվել էր «Արվեստը` կյանքի իմաստ» խորագրով քննարկում, որին մասնակցում էին ԱրՊՀ կերպարվեստ և գծագրություն մասնագիտությամբ սովորող ուսանողներն ու ամբիոնի դասախոսական կազմը:
«Մանկուց սիրել եմ նկարչությունը,-ասում է կերպարվեստ և գծագրություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Շահրամանյանը:-Ընդունվելով ԱրՊՀ`սկսեցի սովորել ճիշտ նկարել: Երբեք չեմ զղջացել իմ կատարած մասնագիտական ընտրության համար: Այս բնագավառում հաջողության հասնելու համար կարևորում եմ նաև աշխատասիրությունը»: Ներկայացնելով իր աշխատանքները` նույն կուրսի ուսանողուհի Լիլիթ Բարսեղյանը խոստովանում է, որ նրա համար ոգեշնչման աղբյուր է Արցախը` իր բնաշխարհով, պատմությամբ, պատմամշակութային կոթողներով: «Ճշմարիտ արվեստագետի համար էականը ոչ թե իր աշխատանքներն իրացնելն է, այլ` գնահատանքը: Մենք նկարում ենք այն, ինչը տեսնում ենք, զգում ենք, և արվեստագետը իր նկարներում հոգի է դնում, որն ասում է ամեն ինչ»,-ասում է ուսանողուհի Օֆելյա Անտոնյանը` ներկայացնելով նաև իր գեղանկարները: Մագիստրատուրայի ուսանողուհի Սյուզաննա Բաղդասարյանը նշում է, որ հայրենիքը և ազգային տարրը մեծ տեղ ունեն իր կտավներում: Նա գտնում է, որ ազգային թեման պետք է առաջնային լինի յուրաքանչյուր ստեղծագործողի համար, և արցախցի ստեղծագործողները պետք է ապրեն Արցախում և իրենց ներդրումն ունենան արվեստի զարգացման գործում: Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Արմինե Առստամյանը շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով քննարկում և աշխատանքների ցուցադրություն կազմակերպելու համար` կարևորելով կերպարվեստի և գծագրության ամբիոնի դերակատարությունը` մասնագետներ պատրաստելու գործում: Նա նաև հույս է հայտնել, որ ուսանողները կկարողանան դառնալ լավ մասնագետներ և կնպաստեն արվեստի զարգացմանը` հորդորելով երբեք չդադարել ստեղծագործել: |