Արցախի պետական համալսարան

IMG 1490 IMG 1486

IMG 1506  IMG 1537

Այսօր` դեկտեմբերի 5-ին, ԱրՊՀ գիտական գրադարանի նախաձեռնությամբ հրավիրվել էր «Արվեստը` կյանքի իմաստ» խորագրով քննարկում, որին մասնակցում էին ԱրՊՀ կերպարվեստ և գծագրություն մասնագիտությամբ սովորող ուսանողներն ու ամբիոնի դասախոսական կազմը: 

IMG 1570Քննարկման ընթացքում ուսանողները նաև ցուցադրել են իրենց աշխատանքները գեղանկարչությունից, մանրանկարչությունից, գրաֆիկայից: Ամբիոնի վարիչ, նկարիչ քանդակագործ, ԱրՊՀ պրոֆեսոր Լավրենտ Ղալայանը, կարևորելով նման քննարկումների նշանակությունը, ընդգծել է արվեստի նշանակությունը ազգային ինքնության պահպանման գործում:«Ազգը երեք հենարան ունի` լեզուն, հողը և մշակույթը: Մշակույթ հասկացությունը լայն է, որտեղ իր ուրույն դերն ունի արվեստը: Կերպարվեստ և գծագրություն մասնագիտությամբ սովորող ԱրՊՀ ուսանողները քաջ գիտակցում են արվեստի նշանակությունը ազգային ինքնության պահպանման գործում և պատահական չէ, որ մեր ուսանողների աշխատանքներում յուրահատուկ տեղ ունի ազգային տարրը: Գեղանկարչության հանդեպ սեր ունեցող և նկարելու ձիրքով օժտված ուսանողներ ունենք, որոնք ապագայում կդառնան լավ մասնագետներ»,-նշել է նա` հավելելով, որ կերպարվեստ և գծագրություն մասնագիտությամբ ԱրՊՀ շրջանավարտները պատվով են իրականացնում իրենց աշխատանքը հանրապետությունում:

IMG 1574Ուսանողները, ցուցադրելով իրենց աշխատանքները, պատմել են ստեղծագործության, մտահղացումների, ոգեշնչումների և ապագա անելիքների մասին:

«Մանկուց սիրել եմ նկարչությունը,-ասում է կերպարվեստ և գծագրություն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողուհի Լիլիթ Շահրամանյանը:-Ընդունվելով ԱրՊՀ`սկսեցի սովորել ճիշտ նկարել: Երբեք չեմ զղջացել իմ կատարած մասնագիտական ընտրության համար: Այս բնագավառում հաջողության հասնելու համար կարևորում եմ նաև աշխատասիրությունը»:

Ներկայացնելով իր աշխատանքները` նույն կուրսի ուսանողուհի Լիլիթ Բարսեղյանը խոստովանում է, որ նրա համար ոգեշնչման աղբյուր է Արցախը` իր բնաշխարհով, պատմությամբ, պատմամշակութային կոթողներով:

«Ճշմարիտ արվեստագետի համար էականը ոչ թե իր աշխատանքներն իրացնելն է, այլ` գնահատանքը: Մենք նկարում ենք այն, ինչը տեսնում ենք, զգում ենք, և արվեստագետը իր նկարներում հոգի է դնում, որն ասում է ամեն ինչ»,-ասում է ուսանողուհի Օֆելյա Անտոնյանը` ներկայացնելով նաև իր գեղանկարները:
IMG 1582

Մագիստրատուրայի ուսանողուհի Սյուզաննա Բաղդասարյանը նշում է, որ հայրենիքը և ազգային տարրը մեծ տեղ ունեն իր կտավներում: Նա գտնում է, որ ազգային թեման պետք է առաջնային լինի յուրաքանչյուր ստեղծագործողի համար, և արցախցի ստեղծագործողները պետք է ապրեն Արցախում և իրենց ներդրումն ունենան արվեստի զարգացման գործում:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի դեկան Արմինե Առստամյանը շնորհակալություն է հայտնել նման ձևաչափով քննարկում և աշխատանքների ցուցադրություն կազմակերպելու համար` կարևորելով կերպարվեստի և գծագրության ամբիոնի դերակատարությունը` մասնագետներ պատրաստելու գործում: Նա նաև հույս է հայտնել, որ ուսանողները կկարողանան դառնալ լավ մասնագետներ և կնպաստեն արվեստի զարգացմանը` հորդորելով երբեք չդադարել ստեղծագործել: