Արցախի պետական համալսարան

IMG 1426 IMG 1423

IMG 1445 IMG 1462

ԱրՊՀ հայագիտական կենտրոնի և բանասիրական ֆակուլտետի համատեղ նախաձեռնությամբ դեկտեմբերի 5-ին կազմակերպված հուշ-ցերեկույթը նվիրված էր Արցախյան պատերազմում հավերժի ճամփորդ դարձած, ԱրՊՀ ուսանող-ազատամարտիկ Իգոր Հասրաթյանին:

Միջոցառմանը հրավիրված էին Ի. Հասրաթյանի հարազատներ, համալսարանականներ, հյուրեր: Կազմակերպիչներից գրականության և լրագրության ամբիոնի դոցենտ Ս. Բաղդասարյանը Ի. Գրիգորյանի կերպարը ներկայացրեց Արցախյան գոյապայքարի նվիրյալների համատեքստում. «Նրանք ուխտ ու տենչ ունեին Արցախը տեսնել ազատ, և հանուն այդ գաղափարի չխնայեցին ոչինչ: Նրանք հերոսացան՝ ապացուցելով, որ հերոսները չեն մեռնում, այլ լեգենդ են դառնում և իրենց կենսագծով սերունդներ առաջնորդում»:

Բանասիրական և պատմության ու իրավագիտության ֆակուլտետների ուսանողների կողմից պատրաստված գրական-գեղարվեստական ցերեկույթով ևս մեկ անգամ արժևորվեց հանուն հող հայրենյաց կյանքը զոհած հայորդիների ապրած-թողածը, որը միաժամանակ նորօրյա դաս էր ներկա սերնդին:

Համալսարանի ղեկավարությանն ու կազմակերպիչներին ընտանիքի անունից շնորհակալություն հայտնեց Իգոր Հասրաթյանի հայրը` Ալեքսանդր Հասրաթյանը` անմահության ճանապարհը բռնածների կյանքն ու գործը արժևորելու, պարբերաբար նրանց անդրադառնալու համար. «Նրանք գնացին, որ մենք ապրենք, որ դասեր առնենք նրանց դավանանքից ու արժեքներից»:

Ի. Գրիգորյանի մասին հուշեր պատմեցին նրա դասախոսներն ու հարազատները, ովքեր հերոսին ներկայացրին որպես ընկեր, գաղափարակից, քաղաքացի: