Արցախի պետական համալսարան

erkrasharj

ԱրՊՀ հանրակացարանաբնակ ուսանողների համար կազմակերպվել է «Երկրաշարժ» ֆիլմի դիտումը և քննարկումը:

«Երկրաշարժ» ռուս-հայկական գեղարվեստական ֆիլմը պատմում է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանում տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի մասին,որը տարածվեց գրեթե ողջ հանրապետությունով մեկ: Ավերվել են Սպիտակ, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան քաղաքները և ևս 300 բնակավայրեր: Զոհվել է ավելի քան 25 հազար մարդ, 19 հազարը դարձել է հաշմանդամ, իսկ ավելի քան կես միլիոն մարդ մնացել է առանց ապաստանի:Բնության աղետի ֆոնի վրա առանձնանում են երկու հերոսների` 45-ամյա Կոնստանտին Բերեժնովի և 20-ամյա Ռոբերտ Մելքոնյանի պատմությունը: Ճակատագիրը առաջին անգամ չէ որ նրանց ծանր հարված է հասցնում, շատ տարիներ առաջ Բերեժնովի մեղքով տեղի ունեցած ավտովթարի ժամանակ մահացել են Ռոբերտի ծնողները: Կոնստանտինը մի քանի տարի անցկացրել է բանտում, իսկ փոքրիկ Ռոբերտը ապաստանել էր իր հարազատների մոտ: Տարօրինակ զուգադիպությունից հետո Բերեժնովը վերադառնում է իր ընտանիք հենց սարսափելի երկրաշարժի օրը. նրան սպասում էին կինը, աղջիկը, որդին և Ռոբերտը, ով այդպես էլ չներեց նրան իր ծնողների մահվան համար: Ճակատագրի հեգնանքով, հերոսները հայտնվում են նույն փրկարարական ջոկատում, բայց միմյանց միանգամից չեն ճանաչում:

Ուսանողները, կարևորելով նման միջոցառումների նշանակությունը, նշում են, որ ազդեցիկ տպավորություն գործեց ֆիլմը` մեկ անգամ ևս հիշեցնելով բնության աղետին զոհ գնացած անդառնալի կորուստների մասին: Երկրաշարժ, որը հայ ժողովրդի ամենացավոտ էջերից մեկն է, որի հետևանքով հազարավոր մարդիկ զոհվեցին,հազարավորները` անտուն մնացին, հարյուրավոր երեխաներ որբ մնացին։ Ֆիլմի ավարտից հետո բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության 3-րդ կուրսի ուսանողուհի Մարինե Ազատյանը նշեց,որ բարձր է գնահատում այսպիսի միջոցառումների  դերը, որոնք ոչ միայն հավելյալ գիտելիքներ են ավելացնում արդեն իսկ եղած պաշարին, այլև որոշ ժամանակով կտրում են դասապրոցեսից և ապահովում  ուսանողների ակտիվ հանգիստը:Իսկ նրա համակուրսեցի Հերմինե Արզումանյանը նշեց նաև, որ այսպիսի տարաբնույթ միջոցառումները հնարավորություն են տալիս թոթափելու միմյանց հաջորդող քննաշրջանների լարվածությունը և թույլ են տալիս ձեռք բերել նոր գիտելիքներ և արդեն իսկ ունեցած գիտելիքները հաղորդել մյուսներին: Հավելենք, որ նախօրեին էլ կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ, որի հարցերն առնչվում էին նշյալ թեմային:

                                                     Ալիսիա Դադայան, Մաթեմատիկա 2-րդ կուրս