Արցախի պետական համալսարան

Gyumri

Դեկտեմբեր էր...Դպրոցական էի: Ձմռան սովորական ցրտաշունչ օր էր։ Թեև ձյուն չկար, բայց ձմռան սառը շնչից բոլորս դողում էինք։ Մեր միակ հույսն ու տաքանալու աղբյուրը դասարանում դրված փայտի վառարանն էր, թեև հին ու մաշված, երեսի թիթեղին մի քանի անցք, բայց, ինչևէ, տաքանում էինք։ Այսօրվա պես հիշում եմ, 7-րդ դասարանում էի սովորում։ Դեկտեմբերի յոթն էր` ուրբաթ, սպասում էինք հաջորդ դասաժամի սկիզբն ազդարարող զանգը հնչելուն, ժամանակն ասես կանգ էր առել, իսկ մենք շտապում էինք վայրկյան առաջ ավարտել դասերը։

Ահա ներս մտավ ուսուցչուհին ` ցրտից ամբողջովին կարմրած դեմքով, ու մեզ ողջունելուց հետո շտապեց դեպի վառարանը։ Օրվա երրորդ դասն էր, դժգոհ ու անհասկանալի դեմքերով բոլորս նայում էինք գրատախտակին։ Ուսուցչուհին փորձում էր ինչքան հնարավոր է արագ ավարտել դասն ու մեզ տուն ճամփել։ Շտապում էր... Բոլորս էինք շտապում։ Բայց ու՞ր և ինչու՞ ` անհասկանալի էր։ Դասն ավարտին մոտեցավ, 11:40 էր, դեռ նստած էինք պայծառ դեմքերով։ Հանկարծ եղավ անդառնալին։ Պատուհանները դղրդացին, ապակիները փշուր-փշուր եղան, գրատախտակը վայր ընկավ, վառարանի բերանից մոխրից ստեղծված ամպ դուրս ելավ։ Հատակն, ասես, փախչում էր մեր ոտքի տակից։ Ամեն ինչ տատանվում էր...Երկրաշարժ էր

-Շուտ բոլորդ դուրս եկեք...արագ, արագ,- դողացող ու վախեցած ձայնով գոչեց ուսուցչուհին։ Բոլորս ապշահար էինք, վախեցած, դեռ չենք գիտակցում` ի՞նչ էր դա, ինչպե՞ս կարող էր ամեն ինչ շարժվել։ Իրար հրահրելով. ձեռքներս գլխներիս պահած, դուրս եկանք։ Շտապում էինք դուրս գալ փակ տարածությունից։ Րոպեներ տևեց աղետը: Ուշքի չեինք գալիս։ Դրսի ցուրտը ոչինչ էր մեր վախի ու սարսափի կողքին։ Բոլորը շտապում էին, բայց արդեն հստակ գիտեինք, թե ուր և ինչու էինք շտապում։ Ուզում էինք րոպե առաջ տան անդամների վիճակի մասին տեղեկություններ իմանալ։ Դադարել էր ամեն ինչ, տատանումներ գրեթե չկային, կային միայն վախից ու ցրտից դողացող մարդիկ : Ամեն ինչ քաոսի վերածվեց...դեպի դաշտերը բացվող երբեմնի պատուհանը ապակե բեկորների էր վերածվել, իսկ բոլորիս տաքացման հույս դարձած վառարանի երեսի անցքերը հարյուրապատկվել էին, գրատախտակին գրված վարժությունը կիսատ էր, կեսը փշրվել էր։ Կյանքը իրոք դադար առավ, բայց ոչ մեզ համար, այլ երկրաշարժի էպիկենտրոն դարձած Սպիտակի ծեր ու մանկան, մոր ու որդու համար։ Փաստորեն մենք Արցախում միայն չնչին տատանումներ էինք զգացել, սարսափելի էր պատկերացնել սպիտակցիների ու գյումրեցիների վիճակն այդ ավերիչ պահին։ Վայրկյանների ընթացքում փոշեկույտի էին վերածվել երբեմնի տներն ու ձեռնարկությունները, գյուղացու միակ եկամտի աղբյուրները և այլն։ Բայց նյութականը ոչինչ էր մարդկային կորստի կողքին։ Աղետի զոհ դարձան շուրջ 25 հազար մարդ.մեկը մանուկ ` կաթը բերանում, մեկը հարսիկ ՝ հարսի քողով եկեղեցում, մեկը հոգնած բանվոր՝ գործարանում, մեկն էլ պարզապես շենքի մոտով անցնող անցորդ, որը կարող էր փրկվել խանութում հերթի մեջ ուշանալու դեպքում։ Ինչևէ, ճակատագրին դեռ ոչ ոք հաղթել չի կարողացել։ Անտուն դարձավ 500 հազարից ավելի մարդ։Գյուղացու` տարիների ստեղծածը մի վայրկյանում ջուրն ընկավ, աչքի առաջ փշուր-փշուր եղան իր նպատակները։ Աշխարհի հայությունը ոտքի ելավ, ձեռք մեկնեց տուժածներին։ Անմիջապես շուրջ 113 երկրներից օգնություն եկավ Հայաստան։ Ոչ մի որբացած մանուկ մանկատան դուռը չընկավ, ողջ մնացած ամեն մի հայ ընտանիք հանձն առավ որդեգրել անտուն, անծնող մնացած մանուկներին։ Բնությունը դեռ այդքան անարդար, դաժան չէր վարվել հայի հանդեպ։ Մի կողմից այդ աղետը, մյուս կողմից չափազանց ցրտաշունչ եղանակն էլ էր բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ դարձել ։ Երկրաշարժը ավերեց հայի հողը, տունն ու ընտանիքը։ Մի վայրկյանում ի չիք դարձան հազար-հազար մարդկանց երազանքներ կամ պարզապես փլատակների տակ մնացին և՜ իրենք, և՜ իրենց նպատակները։ Ոչ ոք մահվան պատրաստ չէր, ոչ ոք մահ չէր ուզում, կյանքն այնքան գեղեցիկ էր, որ անկարելի էր հեռանալ, թողնել այս կյանքը։ Բայց ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ խաղաղ ու երազանքներով լի կյանքի ընթացող գնացքը հենց իր համար է մահվան վերջին կանգառին հասել, հենցը ինքը պետք է իջնի։ Ո՞վ կարող էր պատկերացնել, որ 11:40–ը իր ապրած տարիների վերջին պահն է.... ամենավերջինը:

Ալյոնա Իսրայելյան, լրագրություն 2-րդ կուրս