ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԵՎ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ՍԻՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐՊՀ

07.12

2018

IMG 1928 IMG 1943

IMG 2002 IMG 2025

Այսօր ԱրՊՀ է այցելել ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի պատվիրակությունը, հանդիպում ունեցել համալսարանի ղեկավարության և ուսանողների հետ: 

IMG 1978Պատվիրակության կազմում էին ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի առաջնության չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանը, փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, ՀՀ ծանրամարտի ֆեդերացիայի քարտուղար, ծանրամարտի Հայաստանի հավաքականի   գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը,  Արսեն Մարտիրոսյանը, որոնց ուղեկցում էր Արցախի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Շիրինյանը: Հյուրերին նախ ընդունել և շնորհակալություն է հայտնել ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը` ներկայացնելով ԱրՊՀ-ում ֆիզդաստիարակություն և ՆԶՊ ամբիոնի հիմնադրման և մասնագիտության զարգացման պատմությունը, ներկան և զարգացման հեռանկարները:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականի   գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ռեկտորին` ընդունելության համար և միաժամանակ կարևորել ֆիզդաստիարակություն և ՆԶՊ մասնագիտության կայացման ու զարգացման անհրաժեշտությունը Արցախում:

«Արցախը բոլորիս սրտում է: Դուք` արցախցիներդ, հերոս ժողովուրդ եք, որովհետև կարողանում եք պահել այս հողը, որը հայինն է և բոլորիս սրտում է: Հաղթանակը ձեռք բերելն էլ է դժվար, բայց պահելն էլ է շատ դժվար: Աշխարհի առաջնությունից հետո Արցախ այցելելը խորհրդանշական է: Մենք մեր այցն սկսել ենք Արցախի առաջնագծից` Ռոբերտ Աբաջյանի դիրքից, շարունակել Արցախի պետական համալսարանով»,-նշել է նա:

Հյուրերը հանդիպել են նաև ԱրՊՀ ուսանողների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին:

«Արցախը իմ հողն է և ամեն անգամ Արցախ այցելելով` հպարտություն եմ զգում` գտնվելով այս հաղթանակած հողի վրա և ինձ զգում եմ լիարժեք հայ»,-պատասխանելով ուսանողների հարցերին` նշել է աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը:

«Արցախ այցելելն արդեն ավանդույթ է դարձել: Սա մեր առաջին այցը չէ, և ամեն անգամ մեծ սիրով ենք այցելում Արցախ: Մենք հիացած ենք արցախցիների սրտաբացությամբ: Փորձում ենք մեր այցերով ավելի մեծ ճանաչում բերել Արցախին»:

Հաջողության և հաղթանակի հասնելու համար Փաշիկ Ալավերդյանն առանձնացնում է աշխատասիրությունը, նպատակասլացությունը, հավատարմությունը, որոնք հային բնորոշ գծեր են: Նրա խոսքով` հայ ծանրամարտի պատմությունը խոր ակունքներ ունի, և իրենք պարտավորված են հայ ծանրամարտի հերոսական ուղին պատվով շարունակել և նորից հերոսացնել: Նա նաև ուսանողներին հորդորեց երբեք չբավարարվել ունեցած հաջողություններով և միշտ ձգտել նոր հաղթանակների:

Հիշեցնենք, որ Սիմոն Մարտիրոսյանը նվաճել է Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում անցկացված ծանրամարտի աշխարհի առաջնության չեմպիոնի կոչումը։ 21-ամյա ծանրորդը հանդես   է եկել 109 կգ քաշային կարգի A խմբում։ Պոկում վարժությունում օլիմպիական փոխչեմպիոնը 195 կգ արդյունքով նվաճել է փոքր արծաթե մեդալ՝ 1 կգ հետ մնալով չինացի Ժե Յանգից։ Հրում վարժությունում Սիմոն Մարտիրոսյանը պատվիրել է 230 կգ և բարձրացրել առաջին փորձով՝ ապահովելով երկամարտում առաջին տեղը։ Հայ մարզիկը պատվիրել է նաև աշխարհի ռեկորդ 240 կգ, որը եւս բարձրացրել   և   երկամարտում պայքարն ավարտել է 435 կգ արդյունքով, ինչը ևս աշխարհի ռեկորդ է։

 
ՀԱՐՑ-ՊԱՏԱՍԽԱՆ