Արցախի պետական համալսարան

      Հունիսի 7-ին տեղի ունեցավ Արցախի պետական համալսարանի քիմկենսաբանական ֆակուլտետի ստոմատոլոգիայի ամբիոնի շրջանավարտների երդման հանդիսավոր արարողությունը ,որին ներկա էին ԼՂՀ կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը, առողջապահության նախարար Սերգեյ Մովսեսյանը, մշակույթի և երիտասարդութան հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը, ավարտական կուրսի ուսանողների ծնողներ, հյուրեր:

Շրջանավարտները հանդիսավոր պայմաններում երդվեցին մարդկության հանդեպ չարիք չգործել, բուժել, օգնել հիվանդներին, սրբորեն կատարել իրենց պարտականությունները, հավատարիմ մնալ բժշկի կոչմանը և բարձր պահել մայր բուհի պատիվը:
Հրապարակվեց ռեկտորի հրամանը 2010-2011 ուսումնական տարվա ամփոփիչ-ատեստավորման քննությունները հաջողությամբ հանձնած` ստոմատոլոգիա բաժնի ուսանողներին դիպլոմներ հանձնելու մասին: 25 շրջանավարտներից երկուսն արժանացել են գերազանցության դիպլոմի: Դիպլոմները հանձնեցին ԼՂՀ ԿԳ, առողջապահության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարները, ԼՂՀ ԱԺ սոցիալական հարցերի ոլորտի մշտական հանձնաժողովի նախագահը, ինչպես նաև` Ստեփանակերտի ստոմատոլոգիական պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ Աիդա Հարությունյանը և ԱրՊՀ ռեկտոր Ստեփան Դադայանը: