Արցախի պետական համալսարան

IMG 2580 IMG 2593

IMG 2597 IMG 2567

Դեկտեմբերի 11-ին ԱրՊՀ մի խումբ ուսանողների հետ ունեցած հանդիպման ընթացքում ուսումնական գործընթացը կարգավորող ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ուսանողական ակտիվի հարցերին, պարզաբանել որոշ խնդիրներ:

Հանդիպմանը ներկա էին ՈւՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը,  ուսումնական գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը, ուսումնական գործընթացի կազմակերպման բաժնի պետ Իրինա Խաչատրյանը, ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի պետ Գոհար Գասպարյանը, ՈւՀՏԱ և կարիերայի բաժնի պետ Կարեն Մեժլումյանը:

Պրոռեկտոր Վ. Յարամիշյանը ուսանողների ուշադրությունը հերթական անգամ հրավիրել է նոր ուսումնական տարվանից իրականացված կառուցվածքային փոփոխություններին և գործառութային տարանջատմանը՝ հորդորելով ընթացիկ խնդիրներով դիմել համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին:

Հարցուպատասխանի ձևաչափով հանդիպման ընթացքում ուսանողներն անկաշկանդ ներկայացրել են ուսանողությանը հուզող հարցերը՝ առաջարկելով դրանց լուծման իրենց գաղափարները: Առաջադրված հարցերն առավելապես վերաբերում էին ուսումնական գործընթացի բաղադրիչներին, դրանց կազմակերպման և վերահսկման մեխանիզմների վերանայմանը և այլն:

«Ռեկտորատը հիմնականում տեղյակ է ձեր կողմից բարձրացված հարցերին և ամենօրյա քննարկումներում փորձում է լուծումներ փնտրել, սակայն այս առումով պակաս կարևոր չէ նաև ուսանողների նախաձեռնողականությունը ոչ միայն խնդիր առաջադրելու, այլև դրանց լուծման համատեղ ուղիներ փնտրելու»,- նշել է ուսումնական գծով պրոռեկտոր Գ. Սահակյանը:

Հանդիպման վերջում համալսարանի աշխատակազմը խոստացել է քննարկել առաջարկությունները՝ որոշումների հիմքում շարունակելով պահել ուսանողամետ քաղաքականության սկզբունքը: