ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի գրականության և լրագրության ամբիոնի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Զինաիդա Բալայանը մագիստրատուրայի դասընթացներն ամփոփել է հաշվետու բաց դասերով:
Բաց դասերը կազմակերպվել են լրագրության մագիստրատուրայի 1-ին, 2-րդ և հայ գրականություն 2-րդ կուրսերում, որին մասնակցել են նաև ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը և բանասիրական ֆակուլտետի ղեկավարությունը:
«Արվեստի տեսություն և պատմություն», «Քաղաքակրթությունների պատմություն», «Հայ-համաշխարհային գրական կապերը» դասընթացների շրջանակում մագիստրատուրայի ուսանողները զեկուցումներով ներկայացրել են իրենց ստացած գիտելիքները, պատասխանել հարցերի:
«Հիմնական նպատակս էր ուսանողներին հաղորդակից դարձնել համաշխարհային քաղաքակրթության պատմությունը, նվաճումները, արվեստի տեսությունն ու պատմությունը, հայ և համաշխարհային գրական կապերը` հին ժամանակներից սկսած մինչև մեր օրեր, և այդ ամենի արդյունքում ստացած նրանց գիտելիքներն ամփոփել բաց դասերի միջոցով, որը, իմ կարծիքով, հաջողել է»:
ԱրՊՀ պրոռեկտորն ու բանասիրական ֆակուլտետի դեկանը կարևորել են ուսանողների ստացած գիտելիքների յուրահատուկ հաշվետվությունները նման ձևաչափով` նշելով, որ նմանատիպ բաց դասերի կազմակերպումը ընդօրինակման արժանի երևույթ է: