Արցախի պետական համալսարան

IMG 3015  IMG 3070

01040987 IMG 3031

Դեկտեմբերի 14-ին կայացել է ԱրՊՀ գիտական խորհրդի հերթական նիստը, որին ներկա էր նաև ԱՀ ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը:

Նիստին հաստատվել են կանոնակարգային փոփոխություններ, լսվել հաշվետվություններ, տպագրության երաշխավորվել «ԱրՊՀ գիտական տեղեկագիր» հանդեսի հոդվածները և մեկ ուսումնամեթոդական ձեռնարկ:

Պատմության և իրավագիտության ֆակուլտետի պատմության ամբիոնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Վարդգես Սաֆարյանը, կերպարվեստի և գծագրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Լավրենտ Ղալայանը, փիլիսոփայության և քաղաքագիտության ամբիոնի վարիչ, փ.գ.թ., դոցենտ Աննա Հակոբյանը, մանկավարժության և սպորտի ֆակուլտետի ՖԴ և ՆԶՊ ամբիոնի վարիչ Սուսաննա Հայրապետյանը, մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ, մ.գ.թ., դոցենտ Էլլադա Բաղդասարյանը ներկայացրել են հաշվետվություններ` 2017-2018 ուսումնական տարվա ընթացքում ամբիոնների կատարած աշխատանքների մասին` միաժամանակ ընդգծելով ոլորտներում առկա խնդիրները և ներկայացնելով որոշ առաջարկություններ:

Հաշվետվությունները գիտխորհրդի կողմից ընդունվել է ի գիտություն:

Անդրադառնալով հաշվետվություններին` ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը շեշտել է, որ պետք է վերանայել որոշ մասնագիտությունների ցանկը` համալսարանի մասնագիտությունները համապատասխանեցնելով Արցախի Հանրապետության աշխատաշուկայի պահանջարկին:

«Համալսարանն իրականացնում է մասնագետներ պատրաստելու առաքելություն, իսկ դա պետք է բխի երկրի պահանջարկից: Այս խնդիրը պետք է բոլորիս հուզի, և պետք է սովորել ճկուն աշխատել: Աշխարհում գոյություն չունի «մշտական» հասկացություն, և մենք ամեն տարի պետք է վերանայենք բուհերի մասնագիտությունների ցանկը` ուսումնասիրելով պահանջարկը»,-նշել է ԿԳՍ նախարարը:

Ռեկտոր Արմեն Սարգսյանը ներկայացրել է ԱրՊՀ ՊՈԱԿ գիտական խորհրդի որոշ որոշումներում փոփոխություններ կատարելու մասին հարցը, որը հաստատվել է գիտխորհրդի կողմից: Օրակարգային հաջորդ հարցը վերաբերում էր ըստ ֆակուլտետների` գիտխորհրդի ընտրովի անդամների /հիմնական հաստիքով աշխատող պրոֆեսորադասախոսական կազմի հիման վրա/ չափաքանակների հաստատմանը: Հարցը գիտխորհրդի կազմին հանգամանալից ներկայացրել է ԱրՊՀ ռեկտորը` նշելով նաև, որ նախորդ ռեկտորատի նիստի ժամանակ անդրադարձներ են եղել քննարկվող հարցին և վերլուծության արդյունքում որոշվել է գիտխորհրդի` ընտրովի անդամների կազմում բանասիրական ֆակուլտետին հատկացնել յոթ, բնագիտական` վեց, մանկավարժության և սպորտի` երկու, պատմության և իրավագիտության` երեք, տնտեսագիտության ֆակուլտետին` երկու տեղ:

Օրակարգային հարցերում ԱրՊՀ գիտական և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը ներկայացրել է «ԱրՊՀ գիտական տեղեկագիր» հանդեսի հոդվածների երաշխավորման մասին հարցը: Գիտխորհուրդը տպագրության է երաշխավորել «ԱրՊՀ գիտական տեղեկագիր» հանդեսի հոդվածները և այլ հարցերում առաջադրված ուսումնամեթոդական մեկ ձեռնարկ:

ԱրՊՀ ռեկտորը, կարևորելով գիտական աշխատանքների արդյունավետության բարձրացումը, ընդգծել է, որ պետք է վերանայել և որակապես բարձրացնել տպագրվող գիտական հանդեսն ու, առհասարակ, աշխատանքները` և՛ բովանդակային, և՛ տեխնիկական առումներով: Անդրադառնալով ավարտական աշխատանքների, մագիստրոսական թեզերի թեմաներին` ռեկտորը պրոֆեսորադասախոսական կազմին հորդորել է հանձնարարել այնպիսի աշխատանքներ, որոնք կիրառական նշանակություն կունենան Արցախի Հանրապետության համար և կնպաստեն մեր երկրի տարբեր ոլորտներին: