Արցախի պետական համալսարան

3228288Քաղաքը, որի մասին ուզում եմ պատմել, լեռների զմրուխտե լանջերին թիկնած արևաշող մի բնակավայր է: Աշխարհի միլիոնավոր մարդկանց համար այն հեռավոր, անհայտ, անգո երկրի մայրաքաղաք է գուցե, որի մասին լսել են ինչ-որ բան կամ չեն լսել ոչինչ, սակայն ինձ համար…Ինձ համար կապուտաչյա Ստեփանակերտը հրաշք է, աշխարհի ամենազմայլելի անկյունը, ամենաչքնաղը, ամենաթանկը, միակը, որից դուրս ես չկամ…Նրանից են սկիզբ առնում իմ բոլոր երազները, նրա հետ են կապվում բոլոր նպատակներս, իղձերս, ցանկություններս…

Ալեկոծ հոգուս մրմունջը ծաղկում է շուրթերիս.

-Քաղա'ք իմ հարազատ, քո աստվածատուր սուրբ հողից եմ ծնվել ես, սնվել քո պատմությամբ…Դու ինձ համար առանձնահատուկ ես ու անկրկնելի: Դու իմ հոգու թրթիռն ես, արյան ավիշը, ուրախության աղբյուրը:

Իմ հերո'ս քաղաք, արնաշաղախ, վիրավոր, բայց փյունիկի պես վերածնված ու բարգավաճ: Քո մեջ թևածում է հայկական անկոտրուն ոգին, որ խաղաղության երաշխիք է, և Վերածննդի հրապարակում ծածանվող Եռագույնը ավետում է արյան թանկ գնով ձեռք բերված Հաղթանակը:

Ստեփանակե՜րտ…հաղթանակի' և վերածննդի քաղաք, դու դարձար հայի դարավոր վրեժի կանչը, դարձար փարոս, որ տուն է բերում մոլորված ճամփորդներին, դարձար աշխարհասփյուռ հայության հույսը, հավատը, նպատակը:

Հավատա ' ինձ, հարազա'տս, ես հպարտ եմ, որ քո զավակն եմ:serArtsakh-Anna

Աչքերս ջերմանում են քո շենքերին, ծաղկուն փողոցներին ու գեղատես քանդակներին նայելիս, որովհետև ամեն ինչ այստեղ իր խորհուրդն ունի, իր ավանդությունը: Եվ ես գիտակցում եմ, որ այս ամենը, ինչ եղել է, ինչ կա, ինչ լինելու է, ի'մ պատմությունն է. սրանով եմ ես ներկայանալու աշխարհին, սրանով են հպարտանալու մեր սերունդները:

…Բացվել են աշխարհի բոլոր փակ դռները, և հայության բեկորները կարողանում են շփվել իրար հետ: Ես գիտեմ, որ Ստեփանակերտը բոլոր հայերի երազանքների ու ոգեշնչման աղբյուրն է, ջերմացնող լույսը, հաղթանակի դրոշը:

Ծաղկուն զբոսավայրերով ու հոյակերտ հուշակոթողներով այս դրախտավայրը նաև ի'մ ոգեշնչման ու եռանդի աղբյուրն է: Ես այս քաղաքի մի մասնիկն եմ, նրա ամբողջացմանը նպաստող կենսածին հյուլեն, սիրող ու երախտապարտ զավակը: Իմ փոքրիկ սիրտը բաբախում է քաղաքիս ու նրա խաղաղասեր բնակիչների համար, և ես երազում եմ դառնալ Ստեփանակերտի լուսաշող ապագան կերտողներից մեկը, նրա երջանիկ լուսաբացների ավետաբերը, հերոսական անցյալի պատմաբանը և ներկայի աղոթարարը.

43403102 1241855409315417 7125373202447990784 n-Աղավնաբույն ես դու հիմա դարձել,

Աստեղնատուն ես դու հիմա դարձել…

Բայց ես ավելի պայծառ եմ տեսնում

Քո գալիք օրը, իմ լուսե' քաղաք:

Աննա ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ, Թարգմանչական գործ, 3-րդ կուրս