Արցախի պետական համալսարան

IMG 3197 IMG 3223

IMG 3179  IMG 3227

Արդեն մեկ տարի է` ինչ ԱրՊՀ-ում գործում է հոգեբանական կենտրոն: Այսօր կենտրոնում տեղի է ունեցել միջոցառում, որի ընթացքում ներկայացվել են մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները, հնչեցրել խնդիրները, նախանշել անելիքները: Միջոցառմանը ներկա էին ԱրՊՀ պրոռեկտորներ, մանկավարժություն և սպորտ ֆակուլտետի ղեկավար կազմը, դասախոսներ, ուսանողներ:

Ողջունելով ներկաներին և շնորհավորելով կենտրոնի մեկամյակի առթիվ` ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանը կարևորել է կենտրոնի գործունեությունը` ընդգծելով ՀՀ-ում գործող «Ապագա» հոգեբանական ծառայության կենտրոնի հիմնադիր, ՀՊՄՀ դասախոս, հ.գ.թ., դոցենտ Արմեն Բեջանյանի դերը` ԱրՊՀ հոգեբանական կենտրոնի կայացման գործում: Խոսելով կատարած աշխատանքներից` պրոռեկտորն առանձնացրել է երեք կարևոր ուղղություն` ուսանողների ուսումնագիտական զարգացում, համագործակցություն ՊԲ սպա-հոգեբանների հետ, հանրային պատասխանատվության ստանձնում, փաստել դրանց արդյունավետությունը:

Հոգեբանական կենտրոնի տնօրեն Անահիտ Գասպարյանը ներկայացրել է հաշվետվություն` մեկ տարվա կատարած աշխատանքների մասին: Նրա խոսքով` կազմակերպվել են մի շարք դասընթացներ, որոնք վարել են Արցախի և ՀՀ անվանի հոգեբաններ, կենտրոնի նախաձեռնությամբ ԱրՊՀ մի խումբ ուսանողներ վերապատրաստում են անցել ՀՀ-ում, անց են կացվել սպա-հոգեբանների վերապատրաստում- հավաքներ, կազմակերպվել է Ստեփանակերտ քաղաքի հանրակրթական դպրոցների միջին օղակի դասղեկների վերապատրաստման դասընթացներ և այլ միջոցառումներ:

«Փետրվարի 1-ից սկսվեց նախակրթարանի գործունեությունը, որտեղ մեր ֆոկուս խումբը 3-5 տարեկան երեխայի հոգեկան զարգացումը գնահատող դիագնոստիկ փաթեթի միջոցով ապահովվում է երեխաների մտածողության, հիշողության, խոսքի, ուշադրության, ստեղծագործական ունակությունների զարգացումը»,-կարևորելով կենտրոնում գործող նախակրթարանի դերը` նշել է նա:

ԱրՊՀ 1-ին կուրսեցիների ուսումնական գործունեության մոտիվացիայի մակարդակի որոշման հետազոտության արդյունքներն է ներկայացրել հոգեբանական կենտրոնի պրակտիկ մանկավարժ Անահիտ Սարգսյանը:

Սպա-հոգեբանների վերապատրաստման ուղղությամբ կատարված աշխատանքը կարևորել է ՊԲ ԱՀՏԱ բաժնի հոգեբանական բաժանմունքի ավագ սպա, ավագ լեյտենանտ Նարինե Հայրապետյանը: Հոգեբան դասախոս Արմինե Ավանեսյանը, ԱրՊՀ շրջանավարտներ Անի Գաբրիելյանը, Էլեն Ավանեսյանը շնորհավորել են կենտրոնի մեկամյակի առթիվ, կարևորել կատարած աշխատանքները և մաղթել արդյունավետության շարունակականություն:

Հ.գ.թ., դոցենտ Լուսինե Ղարախանյանը, ով մեկ տարվա ընթացքում ակտիվ գործունեություն է ծավալել կենտրոնում, իր խոսքում նշել է.«Աշախարհը և մենք գտնվում ենք ռիսկային գոտում: Աշախարհաքաղաքական ներկա իրավիճակում բեկվում է մարդը: Այս պայմաններում կարևոր է առողջ ու ներդաշնակ հոգեկան աշխարհ ունենալը: Երբ մարդը ջերմություն, սեր, նվիրում է տարածում, ընդարձակվում է նրա հոգեբանական հարմարավետության դաշտը: Խնամեք ձեր հոգեկան աշխարհը»:

ԱրՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Գեորգի Սահակյանը նշել է, որ քիչ չէ մեկ տարվա կատարած աշխատանքը, սակայն ցանկալի կլիներ գործունեության ընթացքում շեշտադրել նաև գիտական ուղղվածությունը:

Միջոցառման ավարտին կենտրոնի գործունեությանն օժանդակելու և ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար շնորհակալագրերի են արժանացել հոգեբաններ Լուսինե Ղարախանյանը, Եվգենյա Սարգսյանը և Արմինե Ավանեսյանը: Իսկ կենտրոնի տնօրեն Անահիտ Գասպարյանը շնորհավորագրի է արժանացել ֆակուլտետի մանկավարժության և հոգեբանության ամբիոնի վարիչ Էլլադա Բաղդասարյանի կողմից: