Արցախի պետական համալսարան

IMG 3601 IMG 3609pr

IMG 3674 IMG 3823

Այսօր ԱրՊՀ լրագրության մասնագիտության 4-րդ կուրսի ուսանողները PR ինտերակտիվ ընթերցումների ձևաչափով ներկայացրել են հանրային կապեր և հաղորդակցական տեխնոլոգիաներ դասընթացի շրջանակում ստացած իրենց գիտելիքները:

Լրագրություն մասնագիտության չորրորդ կուրսի ուսանողները, լսարանի հետ անմիջական կապ պահպանելով, ներկայացրել են հանրային կարծիքի` որպես զանգվածային գիտակցության ձևի ներգործության գործիքակազմը՝ առանձնացնելով գովազդի, բրենդի և բրենդինգի, գույնի հոգեբանության, քաղաքական և գործնական հոգեբանության, ոչ վերբալ հաղորդակցության առանձնահատկությունները: Նշված թեմաներն ուսանողները տեղայնացրել և գործնականում ցույց են տվել հայրենական արտադրանքի, ինչպես նաև համալսարանի և նրա աշխատակիցների օրինակով:

Ելույթներից հետո, ամփոփելով միջոցառումը, ուսանողներն իրենց կարծիքն են հայտնել նաև դասընթացի վերաբերյալ՝ այն որակելով դինամիկ և մոտիվացնող:

«Հանրային կապերի նշանակության մասին ամեն օր ենք լսում, սակայն այլ բան է, երբ ամենօրյա հանձնարարություններով հնարավորություն ես ունենում ինքդ ուսումնասիրելու և իրացնելու PR գաղափարներդ»,- ասում է Վալենտինա Գրիգորյանը:

Լիդիա Սահակյանը, որ համալսարանականների իմիջն է ներկայացրել, նկատում է. «Ուսումնասիրելով գործարար տղամարդու և կնոջ իմիջը, գործնական իմիջի բաղադրիչներն ու առանձնահատկությունները՝ նորովի եմ բացահայտել դասախոսներին և աշխատակիցներին»:

«Այս օրերին բոլորս քաղաքական իրադարձություններով ենք շնչում: Իսկ դասընթացը լավագույն հնարավորություն էր ուսումնասիրելու մեր ժամանակների քաղաքական գործիչներին` իմիջի էվոլյուցիայի առումով»,- ասում է Մերի Գաբրիելյանը:

Ընթերցումներին հրավիրվածները ևս գնահատել են ուսանողների նորարար մոտեցումը ներկայացվող թեմաներին՝ կոչ անելով հավատարիմ մնալ լրագրողի կոչմանը:

«Մշտապես հավատարիմ եղեք լրագրողի՝ ճշմարիտը ստահոդից տարբերելու առաքելությանը: Դուք հասարակության այն շերտն եք, որ, անկախ հանգամանքներից, ինքն իրեն և մասնագիտությանը տված ուխտը չպիտի դրժի»,- ընդհանրացրել է ֆակուլտետի դեկան Լուսինե Մարգարյանը: Իսկ բանաստեղծ Սոկրատ Խանյանը բանաստեղծություն է նվիրել 4-րդ կուրսի ուսանողուհիներին:

Հավելենք, որ դասընթացը վարել են բ.գ.թ., դոցենտ Շուշան Ասկարյանը և Անուշ Դոլուխանյանը: