Արցախի պետական համալսարան

IMG 3833 IMG 3840

IMG 3900  IMG 3853

Դեկտեմբերի 24-ին ԱրՊՀ է այցելել ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի պատվիրակությունը՝ տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ: Այցի օրակարգում երկօրյա աշխատաժողով է՝ «Որակի ապահովման համակարգ: Ինստիտուցիոնալ հավատարմագրում» թեմայով, որը մեկնարկել է այսօր` Արցախում գործող բուհերի ղեկավարների, բուհերի ինքնավերլուծություն իրականացնող խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Աշխատաժողովի մասնակիցներին ողջունել և արդյունավետ աշխատանք է մաղթել ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը՝ կարևորելով հավատարմագրման գործընթացն ու ՀՀ ՈԱԱԿ կողմից ցուցաբերվող մասնագիտական աջակցությունը՝ գործընթացն իրականացնելու հարցում:

«ԱՀ կառավարության որոշմամբ Արցախի բոլոր պետական և ոչ պետական բուհերը պետք է անցնեն հավատարմագրում անկախ կառույցի կողմից: Նախկինում ԱՀ և ՀՀ բուհերը պետական հավատարմագրում չունեին, քանի որ ընդունված էր, որ եթե հիմնադիրը կառավարությունն է, ապա հավատարմագրման կարիք չկա: Սակայն նոր որոշման համաձայն նշված է նաև ժամկետ, ըստ որի մինչև դեկտեմբերի 30-ը բոլոր բուհերը պետք է դիմեն հավատարմագրման, հավատարմագրման չդիմելու դեպքում բուհերը կորցնում են լիզենզիան: Հենց այս նպատակով հրավիրել ենք ՀՀ ՈԱԱԿ տնօրեն Ռ. Թոփչյանին և կենտրոնի ներկայացուցիչներին, որպեսզի հավատարմագրման գործընթացի համար անհրաժեշտ տեղեկություններ տրամադրեն Արցախի բուհերի ներկայացուցիչներին»,-աշխատաժողովի նպատակը մանրամասնել է ԱրՊՀ ռեկտորը` շնորհակալություն հայտնելով ՀՀ ՈԱԱԿ-ի ներկայացուցիչներին`Արցախ այցելելու և մասնագիտական աջակցություն ցուցաբերելու համար:

Ողջույնի խոսք է ասել և աշխատաժողովի նշանակությունը կարևորել նաև ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը: Խոսելով բուհերի հավատարմագրման անհրաժեշտությունից՝ նա հանգամանալից ներկայացրել է, թե ինչ է ենթադրում որակի ապահովման համակարգը, ինստիտուցիոնալ հավատարմագրումը՝ առաձնացնելով որակի ներքին և արտաքին ապահովումը, բուհում որակի ապահովման բաժնի դերը ռիսկերի բացահայտման գործում, որակի արտաքին ապահովումը, ինստիտուցիոնալ կարողությունների ինքնավերլուծությունը:

«Բուհն ավարտելուց հետո ուսանողը պետք է աշխատատեղում կարողանա բավարար ծավալով կատարել իր մասնագիտական պարտականությունները: Բուհը պետք է կարողանա ապահովել երկրին անհրաժեշտ կարողությունների ձևավորում: Կրթության գերնպատակը սա պետք է լինի»,-ընդգծել է Ռ. Թոփչյանը` մասնագիտական գիտելիքներ տալուց բացի, կարևորելով նաև անհրաժեշտ կարողություններ ձևավորելու հանգամանքը: Նրա խոսքով` բարդ խնդիրներ լուծելու, քննադատական մտածելու և վերլուծելու, ստեղծագործող և նորարար մտածողություն ունենալու, միմյանց հետ համաձայնեցված աշխատելու, այսինքն` համագործակցելու, դատողություններ ունենալու և որոշում կայացնելու, սպասարկելու պատրաստ լինելու, բանակցելու, ճկուն մտածելու, զգացմունքները հետախուզելով կառավարելու կարողություններ ունեցող մասնագետներ պետք է կարողանալ պատրաստել:

«Այս կարողությունները պետք է ներառել ուսուցման ձևերի, մեթոդների մեջ, և դա կլինի որակի ապահովման ձեր ռազմավարությունը: Որակը այն է, որ դուք ունեք նպատակ, և այդ նպատակին հասնելու համար կարողանում եք կատարել համապատասխան գործողություններ: Եթե շահակիցը բավարարված չէ, ուրեմն որակ չկա»,-նշել է նա:

Ռ.Թոփչյանը կարևորել է նաև բուհերում աշխատանքային պլաններ ունենալու հարցը` հատկանշելով ռազմավարական, դասախոսների վերապատրաստման, երիտասարդ դասախոսների ներգրավման, կրթական ծրագրերի ցանկի վերանայման, շահակիցների հետ հաղորդակցման, որակի ներքին ապահովման գործողությունների աշխատանքային պլանները:

ՈԱԱԿ տնօրենը պատասխանել է նաև ներկաներին հետաքրքրող հարցերին:

Աշխատաժողովի երկրորդ մասը կշարունակվի մասնախմբերում, որտեղ ՈԱԱԿ փորձագետներ Ա.Ութմազյանը, Լ.Զաքարյանը՝ «Ինստիտուցիոնալ ինքնավերլուծություն, Վ.Գյուլազյանը՝ «Չափանիշի SWOT վերլուծության իրականացում» թեմաներով պարապմունքներ են անցկացնելու ինստիտուցիոնալ ինքնավերլուծություն իրականացնող խմբերի հետ, որոնք միտված են հավատարմագրմանը նախապատրաստելուն: Վերջում կներկայացվի ՈԱԱԿ-ի էլեկտրոնային հարցաշարը և կծավալվի քննարկում: