Ամանորին ընդառաջ դեկտեմբերի 21-ին ԱրՊՀ մի խումբ ուսանողներ, ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանի գլխավորությամբ, այցելել են երեխաների խնամքի եվ պաշտպանության Բերձորի №2 գիշերօթիկ հաստատություն:
ՈՒԽ նախագահ Դիանա Խաչատրյանը նշել է, որ «Ուսանող-աշակերտ-զինվոր. միասնության ուժը» ծրագրի շրջանակում նախորդ տարի այցելել էին հաստատություն և երեխաներին խոստացել, որ հաջորդ այցը կլինի Ամանորին ընդառաջ: Մտահղացման մասին պատմել է ԱրՊՀ ռեկտորին, և համալսարանի ղեկավարության անմիջական աջակցությամբ կյանքի է կոչվել հերթական ծրագիրը: Ամանորյա մշակութային ծրագիր, երգ,պար, ասմունք, նվերներ, գրքեր, քաղցրավենիք, զարգացնող խաղեր և, իհարկե, Ձմեռ պապ ու Ձյունանուշ. այս ամենը համալսարանականների կողմից գիշերօթիկ հաստատության սաների համար էր, ինչն էլ երեխաների օրը դարձրեց տոնական:
«Ջերմ և անմիջական մթնոլորտ էր ստեղծվել: Կարծում եմ՝ կարողացանք երեխաներին ուրախացնել և հաճելի ակնթարթներ պարգևել Ամանորին ընդառաջ: Նրանց դուր եկավ մեր անակնկալը, իրենք էլ իրենց հերթին հանդես եկան երգ ու պարով, ինչը ամբողջացրեց տրամադրությունը՝ օրը դարձնելով տոնական և հագեցած»,-նշել է Դիանա Խաչատրյանը:
ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վ. Յարամիշյանն ընդգծել է, որ ուսումնական գործընթացին զուգահեռ համալսարանականները մեծ ուշադրություն են դարձնում նաև հանրօգուտ աշխատանքների իրականացմանը: Այդպիսիք արդյունավետ են, քանի որ նպաստում են ուսանողի ճիշտ արժեհամակարգի ձևավորմանն ու ամրապնդմանը:
«Ամանորին ընդառաջ գիշերօթիկի սաներին ուրախություն պարգևելը խորհրդանշական իմաստ ուներ: Մենք պետք է մեր ուշադրության առանցքում պահենք հատկապես առանձնահատուկ խնամքի և ուշադրության կարիք ունեցող երեխաներին: Օգտվելով առիթից՝ մաղթում եմ բոլոր երեխաներին անհոգ մանկություն և երազանքների իրականացում»,-նշել է պրոռեկտորը: