ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ ԱՐԱՅԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ Է ԱՆՑԿԱՑՐԵԼ ԱրՊՀ-ՈՒՄ

25.12

2018

Ashkhatajoghov  IMG 3987 

IMG 4017 Ashxatajoxov

Դեկտեմբերի 25-ին ԱրՊՀ է այցելել ԱՀ Նախագահի խորհրդական, տ.գ.թ. Արայիկ Հարությունյանը և բուհի տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողության մասնակցությամբ անցկացրել աշխատաժողով:

Ա. Հարությունյանը հանդես է եկել բանախոսությամբ` «ԱՀ տնտեսության զարգացման ուղին, մարտահրավերները» թեմայով, որից հետո աշխատաժողովը շարունակվել է հարց ու պատասխանի ձևաչափով:

Բացելով հանդիպումը` ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը ողջունել է ներկաներին` շնորհակալություն հայտնելով Ա. Հարությունյանին` ԱրՊՀ այցելելու և բանախոսությամբ հանդես գալու համար:

«Արայիկ Հարությունյանի հասարակական, քաղաքական, տնտեսական գործունեությունը ներկայացնելու կարիք չկա: Բոլորս ծանոթ ենք ԼՂՀ վարչապետի պաշտոնում տասը տարի, այնուհետև պետնախարարի պաշտոնում ծավալած նրա գործունեությանը: Ոչ պակաս կարևոր եմ համարում նաև ԱրՊՀ խորհուրդը տարիներ շարունակ նրա կողմից ղեկավարելը, Արցախի մայր բուհի շրջանավարտ լինելը, որոնցով պայմանավորված նա մշտապես ցանկացած հարցի տվել է օպտիմալ լուծում»,-ասել է ԱրՊՀ ռեկտորը:

Ա. Հարությունյանն ուսանողներին է ներկայացրել Արցախի տնտեսության հիմնական ցուցանիշները, ապագայի տեսլականը: Բանախոսությունն սկսելով Ղարաբաղյան հիմնախնդրից` նա ընդգծել է հատկապես հիմնախնդրի վրա ունեցած ադրբեջանական նավթային գործոնի դերը`առկա մարտահրավերներին դիմակայելու հարցում առաջնահերթ համարելով տնտեսական աճի բարձր տեմպեր ապահովելու հանգամանքը, որն էլ իր հերթին ենթադրում է մարտունակ բանակ, դինամիկ զարգացող տնտեսություն, ժողովրդագրական դրական աստիճան: ՀՀ և ԱՀ տնտեսությունների զարգացումը տարանջատելով` բանախոսը հանգամանորեն ներկայացրել է ԱՀ տնտեսության անցած ճանապարհը, ներկա վիճակը և զարգացման հեռանկարները: Խոսելով ԱՀ տնտեսության աճի երկնիշ ցուցանիշի մասին` նա հատկանշել է, որ ոլորտում առկա աճը համաչափ անդրադառնում է կյանքի որակին` փաստական տվյալներ ներկայացնելով Արցախի բոլոր ոլորտների ուղղություններով, այդ թվում` առողջապահության, կրթական հաստատությունների, սպորտի,ենթակառուցվածքների և այլ ուղղություններով:

Խոսելով գյուղատնտեսության ոլորտից` Ա. Հարությունյանը նշել է, որ տարեցտարի բարձրանում է աշխատանքների արդյունավետությունը: Հանրապետությունում ստեղծված են բոլոր նախադրյալները` ոլորտը զարգացնելու նպատակով: Նրա խոսքով` առաջիկայում մեծ ուշադրություն է դարձվելու այգեգործությանը, իսկ շարժիչը լինելու է նռան արտադրությունը` հաշվի առնելով մրցակցային պայմանները:

«Նուռը պետք է դառնա Արցախի բրենդը»,-նշել է նա`գյուղատնտեսության ճյուղերում կարևորելով նաև անասնապահության ոլորտը, ձկնաբուծության խթանումը:

Հանքարդյունաբերություն, էներգետիկա, ենթակառուցվածքների, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում, զբոսաշրջություն, պատմամշակութային հուշարձանների պահպանում և Արցախի համար ռազմավարական նշանակություն ունեցող մյուս ոլորտների վերաբերյալ ուսանողներն անհրաժեշտ տեղեկատվությամբ իրազեկվեցին Ա. Հարությունյանից` ստանալով նաև հետաքրքրող հարցերի պատասխաններ:

Ի պատասխան հնչած հարցի` բանախոսը վստահեցրել է, որ ՀԷԿ-երի զարգացման ուղղությամբ կատարվող աշխատանքները առաջիկայում գոհացուցիչ արդյունքներ են խոստանում` միաժամանակ վստահեցնելով նաև, որ այն բնավ չի սպառնում էկոլոգիական անվտանգությանը:

«Արցախի Հանրապետության առջև ծառացած գլխավոր մարտահրավերը տնտեսական աճն է: Այսօր ունենք միջինը 10 տոկոսից ավել տնտեսական աճ: Մենք պետք է շարունակենք տնտեսական աճի առաջիկա տեմպերը և կարողանանք պահպանել տարեկան միջինը 10 տոկոս տնտեսական աճը»,-նշել է նա:

Վերջում Ա. Հարությունյանը ուսանողների շրջանում գործարարությունը խթանելու նպատակով խոստացավ ուսանողների կողմից ներկայացրած լավագույն երեք բիզնես-ծրագրերի իրականացման համար ֆինանսավորման աղբյուրներ գտնել: