ԿԱՅԱՑԵԼ Է ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՆԻՍՏ

26.12

2018

IMG 4085 IMG 4088

Դեկտեմբերի 26-ին կայացած գիտխորհրդի տարեվերջյան նիստում լսվել են ամբիոնների վարիչների և գիտական գրադարանի վարիչի 2017-2018 ուսումնական տարվա հաշվետվությունները, հաստատվել ԱրՊՀ բակալավրիատի կրթական ծրագրով սովորող ուսանողների փորձուսուց­ման կազմակերպման և անցկացման կանոնակարգը:

Օրակարգային առաջին հարցը, որը վերաբերում էր նոր ձևավորված գիտական խորհրդի կազմին, ներկայացրեց ռեկտոր Արմեն Սարգսյանը: Ռեկտորը նախ շնորհակալություն հայտնեց նախկին գիտխորհրդին` արդյունավետ գործունեության համար՝ նշելով, որ հնգամյա ժամանակահատվածում խորհուրդը զգալի աշխատանքներ է կատարել հատկապես ԱրՊՀ գործունեության կանոնակարգման ուղղությամբ:

«Նախորդ գիտխորհրդի աշխատանքը գնահատելու համար բավական է հիշատակել, որ 90-ից ավելի կարգեր, կանոնակարգեր և ընթացակարգեր են ընդունվել և հաստատվել, օպտիմալացվել է համալսարանի աշխատանքը»,- նշել է ռեկտորը:

Ներկայացնելով գիտխորհրդի ձևավորման ընթացակարգը՝ ի պաշտոնե և ընտրովի անդամների համամասնության հարաբերակցությունը, ընտրովի անդամների՝ ֆակուլտետի խորհրդում քվեարկությամբ հաստատվելն ու հաստատված չափաքանակները, Ա. Սարգսյանը շնորհավորել է խորհրդի նոր անդամներին, մաղթել բեղմնավոր աշխատանք:

Գիտխորհուրդը լսել և ի գիտություն է ընդունել բանասիրական և տնտեսագիտության ֆակուլտետների բոլոր ամբիոնների, բնագիտական ֆակուլտետի քիմիայի, պատմության և իրավագիտության ֆակուլտետի իրավունքի ամբիոնների 2017-2018 ուսումնական տարվա աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները:

Հաջորդիվ մանկավարժության և սպորտի ֆակուլտետի դեկան Շահեն Այդինյանը գիտխորհրդի քննարկմանն է ներկայացրել ԱրՊՀ բակալավրիատի կրթական ծրագրով սովորող ուսանողների փորձուսուց­ման կազմակերպման և անցկացման կանոնակարգը, մանրամասնել դրա էությունը, նպատակն ու խնդիրները, որն ընդունվել և հաստատվել է խորհրդի կողմից:

Այլ հարցերում գիտխորհրդի կողմից հաստատվել է ԱրՊՀ գործունեությունը կարգավորող ակտերի ժողովածուի հրատարակումը և մեկ ասպիրանտի գիտահետազոտական պլան: