Դեկտեմբերի 25-ին ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում կայացել է Ռազմավարական հետազոտությունների գիտահետազոտական լաբորատորիայի ամենամյա երկրորդ հանրապետական գիտաժողովը, որին մասնակցել է նաև ԱրՊՀ-ն:
ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր, հ.գ.թ., դոցենտ Վիտյա Յարամիշյանը գիտաժողովին մասնակցել է «Նժդեհը` հոգեբան» զեկուցումով։ Լիագումար նիստին ներկայացված զեկուցումներն ընդգրկում էի թեմատիկ այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են պատմություն և քաղաքականություն, բանակ և պաշտպանություն, տարածաշրջանային և գլոբալ զարգացումներ, տեղեկատվական անվտանգություն։
Ներկայացվել են զեկուցումներ Ադրբեջանի ներքին և արտաքին քաղաքականության, այդ թվում՝ հակահայաստանյան էլեկտրոնային և մերձգիտական քարոզչության և ռազմատեխնիկական գնումների, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումների և դրանց վրա համաշխարհային խաղացողների ազդեցության, թուրքական և վրացական արդի երկրաքաղաքականության, աֆղանական պրոբլեմի ակունքների և արդի ռազմագիտության մասին։
«Գիտաժողովի աշխատանքները գնահատում եմ արդյունավետ: Այն յուրահատուկ հարթակ է` ոլորտի նորարարությունները միմյանց, ինչու ոչ նաև հանրությանը իրազեկ դարձնելու, ինչպես համագործակցային կապերը սերտացնելու առումով»,-նշել է Վ. Յարամիշյանը:
Հանրապետական գիտաժողովին ներկայացված զեկուցումները ԵՊՀ «Ստրատեգ» ամսագրի խմբագրակազմի հավանությանն արժանանալուց հետո հրատարակվելու են վերջինիս երկրորդ համարում։ Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ ՌՀԿ ֆեյսբուքյան էջը: