Արցախի պետական համալսարան

Հարգելի՛ համալսարանականներ, սիրելի՛ ուսանողներIMG 4440u

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Անցնող տարին լի էր մարտահրավերներով և ձեռքբերումներով: Համալսարանում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր` տարբեր ուղղություններով խթանելով բուհի առաջընթացը: Աշխատանքներն արդյունավետ են եղել ուսումնական գործընթացի բարելավման, գիտահետազոտական աշխատանքների ընդլայնման, ուսանողական միջոցառումների ակտիվացման, նյութատեխնիկական բազայի հարստացման առումներով:

2018 թվականը նշանավորվեց Ղարաբաղյան շարժման 30-ամյակով, որի առթիվ հանրապետությունում, այդ թվում՝ Արցախի մայր բուհում, անց են կացվել հոբելյանական միջոցառումներ՝ գիտական, մշակութային, ուսումնական և այլ բնույթի: Բուհի որդեգրած ուսանողակենտրոն սկզբունքը շարունակվել է գերակա լինել հատկապես ուսանողների հետ տարվող աշխատանքների ուղղությամբ: Տարբեր մասնագիտությունների գծով ուսանողներ հնարավորություն են ունեցել արտերկրում և ՀՀ-ում մասնակցել ուսանողական տարաբնույթ մրցույթների, գիտաժողովների, գիտական սեմինարների, ամառային դպրոցների, վերապատրաստման դասընթացների, ճամբարների: Անցնող տարում ունեցած ձեռքբերումներին զուգահեռ բուհի համար կարևորագույն խնդիրների` համալսարանի հավատարմագրման և գլխավոր մասնաշենքի հիմնանորոգման ուղղությամբ տրվեց աշխատանքների մեկնարկը: Կրթության որակի շարունակական բարելավումը և բոլոր ուղղություններով աշխատանքների արդյունավետության բարձրացումը համարում ենք համալսարանի գործունեության գերակա նպատակներից և այս սկզբունքով աշխատելու դեպքում, համոզված եմ, հաջողությամբ կկարողանանք հաղթահարել մարտահրավերները և առկա խնդիրների լուծման ուղղությամբ կգտնենք օպտիմալ լուծումներ:

Շնորհավորում եմ Արցախի, ՀՀ և Սփյուռքի մեր բոլոր հայրենակիցներին ու գործընկերներին: Թող 2019 թվականը լինի խաղաղության և նորանոր ձեռքբերումների տարի: Մաղթում եմ բոլորիդ հաջողություններ, կրթության և գիտության ոլորտում նորանոր ձեռքբերումներ, անձնական և համազգային իղձերի իրականացում:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ: