ԱրՊՀ-ՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ Է «ԵՍ ԿԱՄԱՎՈՐ ԵՄ» ԾՐԱԳԻՐԸ

14.01

2019

49132410 355524938609327 5681642881022951424 n

ԱրՊՀ-ում գործում է «Ես կամավոր եմ» ծրագիրը և համանուն խումբ, որի հիմնական առաքելությունը կամավորության սկզբունքով հանրօգուտ աշխատանքներ իրականացնելն է:

«Նման ծրագիր իրականացնելու մտահղացում վաղուց կար, և ԱրՊՀ ուսանողները պարբերաբար ընդգրկվում էին կամավորական տարաբնույթ աշխատանքներում, սակայն այդ ամենը համակարգելու անհրաժեշտություն կար»,-ասում է ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժնի պետ Կարեն Մեժլումյանը և հավելում, որ ՈՒԽ-ի հետ համատեղ որոշեցին կյանքի կոչել «Ես կամավոր եմ» ծրագիրը, որը կարճ ժամանակահատվածում իր շուրջը համախմբեց բազմաթիվ ուսանողների: Խմբում ներգրավված 50-ից ավելի ուսանողներ վերջերս այցելել են Ստեփանակերտի տուն ինտերնատ, հանդիպել տարեցների հետ, կիսել նրանց հոգսերը, ուրախության պահեր պարգևել նրանց: Նորաստեղծ խումբը հասցրել է որոշակի աջակցություն ցուցաբերել նաև «Արցախի կույրերի միավորում» հասարակական կազմակերպությանը: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Արցախի Հանրապետության պատմամշակութային կոթողների պահպանությանը և շրջակա միջավայրի խնամքին: Կամավորները բարեգործական միջոցառում են իրականացրել նաև Բերձորի երեխաների խնամքի թիվ 2 գիշերօթիկ դպրոցի սաների համար: Պատասխանատուների հավաստմամբ` առաջիկայում սպասվում են նոր անելիքներ: Արցախի Հանրապետությունում կայանալիք CONIFA-ի (անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիա) հովանո ներքո անցկացվող «Եվրոպական ֆուտբոլի գավաթ 2019» մրցաշարի ժամանակ ևս ԱրՊՀ ուսանողները իրականացնելու են կամավորական աշխատանքներ:

«Մեր ուսանողները պատրաստակամ են կամավորական աշխատանքներ իրականացնելու հարցում: Սպասում ենք նաև առաջարկությունների` մեր օժանդակությունը ի սպաս դնելու հանրության տարբեր շերտերին, սոցիալական տարբեր խմբերի: Այսօր ամբողջ աշխարհն է կարևորում կամավորական աշխատանքների նշանակությունը, և ժամանակն է, որ յուրաքանչյուր ուսանող ևս գիտակցի դրա կարևորությունը և իր առօրյայի մաս դարձնի կամավորական աշխատանքներ իրականացնելը»,-նշում է Կարեն Մեժլումյանը:

Հավելենք, որ «Ես կամավոր եմ» խմբի անդամ կարող են դառնալ ԱրՊՀ այն ուսանողները, ովքեր պատրաստակամ են իրենց ակտիվ մասնակցությունն ունենալ հասարակական և հանրօգուտ տարբեր աշխատանքներում: Բոլոր այն ուսանողները, ովքեր ցանկություն ունեն անդամագրվելու խմբին, կարող են դիմել ՈւՀՏԱ և կարիերայի բաժին կամ ՈՒԽ: Հեռ.` 047-94-91-50, 097-39-90-49: Էլ.փոստ՝ Этот e-mail адрес защищен от спам-ботов, для его просмотра у Вас должен быть включен Javascript