Արցախի պետական համալսարան

zinvior1   zinvor

zinvor3   zinvor4
Հունվարի 28-ը նշվում է որպես Հայոց բանակի օր: Օրվա առթիվ ԱրՊՀ մի խումբ ուսանողներ այցելել են սահմանամերձ Մեխակավանի զորամաս՝ զինվորների հետ նրանց օրը տոն դարձնելու նպատակով: Այցի ընթացքում ուսանողները զորամասում հանդես են եկել հայրենասիրական կատարումներով, կազմակերպել ինտելեկտուալ խաղ, որտեղ զինվորների հետ իրենց ինտելեկտուալ ուժերն են փորձել նաև ուսանողները:

Օրվա միջոցառումները մեկնարկել են խորհրդանշական մոմավառությամբ զորամասի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, որտեղ ուսանողներն ու զինվորները աղոթել են խաղաղության համար: Շնորհավորանքների և բարեմաղթանքների հասցեատերերը զինվորներն էին, բայց նաև չմոռացան իրենց փորձով, ռազմական հմտություններով ու գիտելիքներով կիսվել ուսանողների հետ: Զինծառայողների ուղեկցությամբ ուսանողները ծանոթացել են բանակային առօրյային, ճաշել զինվորների հետ: 
«Օրը հիշարժան դարձավ բոլորիս համար: Հայ զինվորի կողքին լինելով և նրանց դեմքին ժպիտ տեսնելով` մենք՝ ուսանողներս, անչափ ուրախ էինք ու ոգևորված: Մենք հոգեպես միշտ մեր զինվորների հետ ենք, հպարտությամբ սպասում ենք բոլորի հաղթական վերադարձին: Մեր աղոթքները հայ զինվորի անփորձանք ծառայության համար են»,-ասում է բանասիրական ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահ Լիլիթ Մարգարյանը:
Մանկավարժություն և սպորտ ֆակուլտետի ՈՒԽ նախագահ Ռիմմա Մանգասարյանն էլ նշում է, որ զորամաս այցելելու և զինվորների հետ համատեղ միջոցառումներ կազմակերպելու առաջարկին միշտ էլ ուսանողները մեծ սիրով են ընդառաջում, և այսպիսի միջոցառումները ամենահետաքրքիրն ու սպասվածն են թե՛ ուսանողների և թե՛ զինվորների համար.«Մեզ հաջողվեց զինվորների օրը դարձնել տոնական. սա էր մեր ամենակարևոր նպատակը»:
Օրվա ավարտին համալսարանի կողմից պատվոգրերով և նվերներով պարգևատրվեցին ինտելեկտուալ խաղի հաղթող ու մասնակից զինվորները, իսկ ակտիվ ուսանողները զորամասի կողմից արժանացան պատվոգրերի՝ բանակ-հասարակություն կապն ամրապնդելու համար:
«ԱրՊՀ ՈՒՀՏԱ և կարիերայի բաժինը, ինչպես նաև ուսանողական խորհուրդը, կարևորելով բանակ-հասարակություն կապի ամրապնդումը, հաճախակի են կյանքի կոչում նմանատիպ ծրագրեր՝ մշտապես ուշադրության առանցքում պահելով հայոց բանակն ու զինվորին: Ջերմորեն շնորհավորում ենք բոլորիս՝ Հայոց բանակի օրվա առթիվ, մաղթում շարունակական հաղթանակներ մեր ժողովրդին, անպարտելի ուժ և կորով մեր զինվորներին: Մենք միշտ նրանց կողքին ենք»,-ասում է ԱրՊՀ հանրային միջոցառումների կազմակերպիչ Վահե Գալոյանը: