Արցախի պետական համալսարան

IMG lm5069 IMG lm5120

IMG lm5084  IMG lm5119

Այսօր` փետրվարի 5-ին, ԱրՊՀ են այցելել Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը, ՀՀ մի խումբ դերասաններ և հանդիպում ունեցել ուսանողության հետ:

Հանդիպմանը հյուրերին ողջունել և Արցախի մայր բուհ այցելելու համար շնորհակալություն է հայտնել ԱրՊՀ ՈՒՇՀՀՏԱ գծով պրոռեկտոր Վիտյա Յարամիշյանը:

ՀՀ վաստակավոր արտիստ Լալա Մնացականյանը, ողջունելով համալսարանականներին, խոստովանել է, որ Արցախն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի և ամեն անգամ Արցախ այցելելով` հուզվում է այնպես, ինչպես մարդ հուզվում է, երբ երկար ժամանակ չի տեսել իր հարազատներին: Մանրամասնելով Արցախ այցելելու նպատակը` նշել է, որ այս անգամ առիթը Կարել Չապեկի «Մայրը» ներկայացումն է, որը բեմադրվելու է փետրվարի 6-ին և 7-ին: Պիեսի բեմադրողը և գլխավոր դերում Լալա Մնացականյանն է: Նրա խոսքով` ներկայացումը արծարծած գաղափարով «Ոչ» է ասում պատերազմներին և «Այո»` խաղաղությանը:

«Այս ներկայացումը ապրելու մասին է: Այն սովորեցնում է ապրել, ապրեցնող է իր արծարծած խնդիրներով, գաղափարով: Չնայած մայրը կորցնում է իր զավակներին, բայց շարունակում է պայքարել ու ապրել: Այն ժողովուրդը, ով տեր չի կանգնի իր անցյալին, իր հերոսներին, նա կորստյան կմատնվի»,-ասում է նա և հավելում, որ պիեսը շոշափում է համամարդկային արժեքներ:

Լ. Մնացականյանն իր խոսքում անդրադարձավ նաև մշակույթի զարգացման խնդիրներին` կարևորելով մշակույթի դերը ազգի և պետության զարգացման գործում:

Հայաստանի մշակութային հիմնադրամի տնօրեն Մանուկ Նիգոյանը նշում է, որ երբ առաջին անգամ տեսավ «Մայրիկ» ներկայացումը, առաջին միտքն այն էր, որ այդ ներկայացումը Արցախում չլինել պարզապես չի կարող` հաշվի առնելով և′ թիրախային լսարանը, և′ արծարծվող թեման, և′ հերոսներն ու նրանց բնավորությունները:

«Հերոսներն իրենց բնավորությամբ, ճակատագրերով շատ նման են արցախցիներին, ներկայացման մայրն իր ճակատագրով նման է Արցախի այն մայրերին, ովքեր իրենց զավակներին ուղարկել են հայրենիքը պաշտպանելու: «Մայրը» պիեսի հիմքում ընկած է մի ընտանիքի պատմություն. ընտանիքի հայրը և 4 որդիները զոհվել են: Փոքր որդին ուզում է պատերազմ մեկնել: Ու հենց այստեղ է, որ մայրական սերը բախվում է հայրենիքի հանդեպ պարտքի գիտակցմանը»,-ասել է Մ. Նիգոյանը:

Հանդիպմանը հյուրերը պատասխանել են ուսանողների հարցերին, և ծավալվել է քննարկում Արցախում թատրոնի զարգացմանն առնչվող հարցերի շուրջ: