Արցախի պետական համալսարան

789Փետրվարի 13-ը պատմական օր է ոչ միայն արցախցիների, այլև ողջ հայության համար: 1988թ. այդ օրը Ստեփանակերտի  մանկավարժական  ինստիտուտի ուսանողությունը (ներկայիս  Արցախի պետական համալսարանի) դուրս եկավ հրապարակային ցույցի` բարձրաձայն արտահայտելու Լեռնային Ղարաբաղը Մայր Հայաստանին վերամիավորելու իր անկոտրում մտադրության մասին: Փետրվարը հայ ժողովրդի  պատմության մեջ ամրագրվեց  որպես Արցախյան շարժման սկիզբ:

Երկիրս փոքր է: Աշխարհի գլոբուսի վրա չենք գտնի  իմ գողտրիկ Արցախը, բայց հզոր է հայրենիքս, որովհետև արժանապատվորեն պահպանում է իր անկախությունը, որը ձեռք է բերվել մեր զինվորների արյան գնով: Մենք աշխարհին ցույց տվեցինք, թե ինչ է նշանակում ազգի միասնություն: Վառ ապաույցը՝ Արցախյան  գոյամարտն ու  նրա  հաղթանակը:

Մարտնչող, պայքարող  Արցախն էլ  ունի ապրելու իրավունք: 1980-ական թվականներին վերընձյուղված Արցախյան ազգային-ազատագրական շարժումը շատ բան փոխեց հայության կյանքում: Արցախյան շարժումն առաջին հերթին պայքար էր մարդու իրավունքների, Աստծո կողմից նրան տրված ազատ ապրելու իրավունքի վերահաստատման համար:

Աստված մարդուն ստեղծել է` նրան տալով առաջին հերթին ապրելու իրավունք: Հայի կերպարի կողքին դնել թուրքի` մեր դարավոր թշնամու կերպարը: Մի՞թե նրան էլ է նույն Աստվածը տվել  ապրելու, արարելու իրավունքը... Ինչու՞ է Աստված հանդուրժել, որ նա դուրս գա իրեն տրված իրավունքի սահմաններից, ինչու՞ չի հատել նրա ձեռքը, երբ թալանել է, սպանել, հոշոտել, առևանգել...«Էս սարն իմն է, էս ծառն իմն է» ասելով՝ նա սահմաններ չի ճանաչել իրավունքի հարցում: Պաշտպանելով իր իրավունքները՝ 1988-ի փետրվարին հայ ժողովուրդը ոտքի կանգնեց, պայքարեց հայրենիքի անկախության համար, միաձայն վանկարկելով «մի-ա-ցում»:

Մենք կայացած պետության սերունդ ենք,  ծնվել  ենք անկախ  Արցախում: Մենք  պարտավոր ենք  սիրել մեր ծննդավայրը, նրա յուրաքանչյուր թիզ հողը:

Այսօր արցախցի երիտասարդի իրավունքն է պաշտպանել մեր երկիրը, զենքը ձեռքին միշտ պատրաստ լինել` դիմակայելու մեր դարավոր թշնամուն: Մեր հակառակորդը պետք է հասկանա, որ Արցախի հողի վրա ապրելու իրավունքը մերն  է՝ հայինն է, որ արյունով գնված մեր ազատությունը  ոչ ոքի չենք տա: Քաջարի  ավագ  սերունդն  էլ ունի արժանի  հերթափոխ: Փետրվարի 13-ին՝ 30 տարի անց,  երթով անցնում էր անկախության սերունդը, նրանց ձայնը խրոխտ էր, նրանք պահանջատեր են։ Այս սերունդն է, որ այսօրվա և վաղվա օրն է կերտելու, այս սերունդն է, որ քառօրյա պատերազմում իր կյանքն առանց վարանելու տվեց հանուն հայրենիքի։

Այսօրվա սերունդը առաջին հերթին  պետք է մտածի  Արցախ աշխարհի ռազմական հզորության մասին: Իհարկե, ոչ թե հարձակման համար, այլ հայրենիքի պաշտպանության, սոցիալական զարգացման համար:

Այսօր իրավունք է տրվում մեր գիտնականներին` ստեղծել զենքի այնպիսի տեսակներ, որոնց շնորհիվ մեր ժողովուրդը կարողանա ազատ գոյատևել` գիտակցելով, որ պաշտպանված է ամուր, հզոր բանակով: Զենք արարելն էլ մեր իրավունքն է, որովհետև մեզ պատերազմ են պարտադրել, իսկ մեզ ապրել է պետք, հարատևել ու աշխարհին պարզել մեր հայեցի կեցվածքը:                                                                                                             Ինչպես  Ե. Չարենցն  է ասել.«Ով հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը  քո հավաքական ուժի մեջ է»: Արցախյան  գոյամարտն ու  նրա  հաղթանակը դրա   վառ  ապացույցն  է: Մեզ ուժ է պետք` («Ուժն է ծնում իրավունքը») դիմակայելու և հաղթելու համար: Ոչ մի քաղաքական կամ տարածքային շահ իրավունք չունի մեզնից խլել մեր ազատության ու անկախության իրավունքը:

Մեր ժողովուրդը, խրամատի զինվորը, թիկունքի պահապանները, գիտնականը, արվեստագետը, փոքրիկ երեխան անգամ գիտեն ազատության  ու անկախության իրավունքների արժեքը: Արցախյան շարժումով սկզբնավորվեց մեր համազգային երազանքի ճանապարհը: Հավատում եմ, որ մենք կհասնենք մեր վերջնանպատակին և իրականացած կտեսնենք մեր համազգային երազանքը:

Հերմինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ,

հայ գրականություն, մագիստրատուրա 2-րդ կուրս