ԱրՊՀ բանասիրական ֆակուլտետի մի խումբ ուսանողներ, հոգեբանական կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում, այցելել են Շուշիի «Շող» ցերեկային համայնքահեն կենտրոն:
Կենտրոնի գոյությունը ստեղծում է դրական մշակութային և կրթական միջավայր: Հիմնական շահառուները դպրոցահասակ երեխաներն են` սոցիալապես անապահով ընտանիքներից, որոնք ունեն կրթական խնդիրներ:
Կենտրոնում փորձառու մանկավարժների, սոցիալական աշխատողների և հոգեբանների միջոցով նրանց մատուցվում են կրթական, սոցիալական, հոգեբանական եւ ժամանցային ծառայություններ:
Դպրոցից հետո երեխաները հաճախում են կենտրոն, որտեղ ճաշում են և
մասնակցում տարբեր դասընթացների:
Ուսանողները երեխաների հետ ծանոթանալուց հետո անմիջապես խմբեր կազմեցին և սկսեցին աշխատել: Նկարչությամբ զբաղվեցին, զրուցեցին, ապա բակում խաղացին: Հանդիպման վերջում ներկաները վայելեցին կենտրոնի սանի դաշնամուրային կատարումը:
Ուսանողների այցերը շարունակական բնույթ կկրեն և կօգնեն երեխաներին հավատալ իրենց ուժերին, հաջողությամբ դիմագրավել կյանքի դժվարին իրավիճակները և դառնալ հանրօգուտ բարիք ստեղծող քաղաքացիներ:
Մերի Հարությունյան, լրագրություն 3-րդ կուրս