Արցախի պետական համալսարան

hqdefault

Այսօր Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակն է: Օրը նշանավորվում է նաև որպես գիրք նվիրելու տոն:

Ծնվելով Լոռվա Դսեղ գյուղում՝ Թումանյանը երիտասարդ տարիքում տեղափոխվեց Թիֆլիս, որը ողջ 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբներին Ռուսական կայսրությունում հայ մշակութային կյանքի կենտրոնն էր: Շուտով նա հայտնի դարձավ հայկական հասարակության լայն շրջանակներին` շնորհիվ իր պարզ, բայց բացառիկ և պոետիկ ստեղծագործությունների։ 1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։

Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր: Եվս երկու՝ Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը։

20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ Թումանյանին մշտապես մտահոգել և հուզել է հայ ժողովրդի ճակատագիրը, Մեծ Եղեռնի հետևանքով Արևմտյան Հայաստանից տեղահանված հայության վիճակը։ 1916 թվականին 2 անգամ եղել է ազատագրված վայրերում. հասել է մինչև Վան, օգնել հայ գաղթականներին, հատկապես Էջմիածնում հավաքված որբ երեխաներին։ 1914 թվականին Թումանյանը միանում է Պատերազմից վնասվածներին օգնող կոմիտեին, որը հետագայում օգնեց մազապուրծ եղած հայ գաղթականներին Էջմիածնում հաստատվել:

Մեծ բանաստեղծի 150-ամյակը տոնում են նաև Արցախում և Արցախի մայր բուհում: Այսօր, ի թիվս այլ միջոցառումների, ԱրՊՀ-ում ուսանողներն ու դասախոսները միմյանց գրքեր են նվիրել: